Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հաղթել է Եվրադատարանում (տեսանյութ)

Քաղաքականություն
mied

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի 7 տարի առաջ ներկայացրած դիմումը Եվրադատարանը բավարարել է։ Դատարանը գտել է, որ Երեւանի քաղաքային իշխանություններն ու ոստիկանությունը խախտել են հավաքների ազատության եւ ազատ տեղաշարժվելու իրավունքները՝ 2008թ. թույլ չտալով կազմակերպությանը սգո երթ անցկացնել գործարար Լեւոն Գուլյանի հիշատակին։ Հիշեցնենք, որ 2007 թ. մայիսի 12-ին Գուլյանի դիակը բազմաթիվ վնասվածքներով հայտնաբերվել էր ՀՀ ոստիկանության շենքի բակում, երբ նա հրավիրվել էր հարցաքննության մի գործով։ «Արգելելու վերաբերյալ որոշումը ստացել ենք միայն նախատեսված երթի հաջորդ օրը, այսինքն` մայիսի 13-ին, եւ հիմնավորումների մեջ նշված է ԱԱԾ-ի կողմից գրություն է ուղարկվել, որտեղ նշված էր, որ հավաստի տեղեկությունների համաձայն` հավաքի անցկացումը թույլատրելը կհանգեցնի պետական անվտանգության, հասարակական կարգի խախտումների»,- «Ա1+»-ին ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը։ Կառավարությունը, սակայն, Հայաստանի Հելսինկյան կոմիտեին ֆինանսական փոխհատուցում չի տա։ Հայցվորը ոչ նյութական եւ ոչ էլ բարոյական վնասի փոխհատուցման պահանջ Եվրադատարան չի ներկայացրել. «Մեր խնդիրը խախտումը ճանաչելն էր եւ նախադեպի ստեղծումը, որ լինի նախադեպային իրավունք, որը հիմք տա հետագա խախտումները կանխարգելել»։ Եվրադատարանի նման որոշումը իրավապաշտպանների համար անսպասելի չէ. «Սա կլինի զսպող գործոն, որպեսզի գործընթացը լինի օրենքի շրջանակներում»,- նշեց նա։