Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրացիները մեզնից ձկնկիթ արտահանելու խորհրդատվություն են խնդրել

Քաղաքականություն
15

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Վրաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների փոխնախարար Թեյմուրազ Մորգուլիայի ղեկավարած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին և բարձր գնահատելով հայ-վրացական բարեկամական հարաբերությունները` նախարարը հույս է հայտնել, որ այս այցը կդառնա առավել սերտ և ակտիվ համագործակցության սկիզբը: Թեյմուրազ Մորգուլիան, իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վստահեցրել է, որ բնապահպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի համագործակցությունն ամուր և կայուն հիմքերի վրա է, ինչը լավագույն նախապայման է առավել սերտ փոխգործակցության և համատեղ նոր ծրագրերի համար: Փոխնախարար Թեյմուրազ Մորգուլիան` որպես Վրաստանի Օրհուս կենտրոնների տնօրեն, առաջարկել է ՀՀ բնապահպանության նախարարին նախաձեռնել երկու երկրների Օրհուս կենտրոնների համագործակցություն` էկոլոգիական կրթության և հասարակության իրազեկության բարձրացման, փորձի փոխանակման և այլ բնագավառներում: Նախարարը ողջունել է հյուրի նախաձեռնությունն ու խոստացել առաջիկայում համապատասխան ընթացք տալ առաջարկին: Որպես ձկնկիթի արտահանման ոլորտում առաջին քայլերն անող երկիր` վրացական կողմը, հաշվի առնելով հայկական փորձը, մասնագիտական խորհրդատվական աջակցություն է խնդրել արտահանման համար անհրաժեշտ միջազգային CITES կոնվենցիայի համապատասխան դրույթների կիրառման վերաբերյալ: Հայկական կողմն անդրադարձել է երկու հանրապետությունների կողմից վավերացված բնապահպանական կոնվենցիաների շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված համատեղ ծրագրերի մշակման, իրականացման, ինչպես նաև բնապահպանության ոլորտում անդրսահմանային համագործակցության ամրապնդման հարցերին: Կողմերը գոհունակությամբ նկատել են, որ Հայաստանն ու Վրաստանը միասին հանդիսանում են 12 բնապահպանական կոնվենցիաների կողմ երկրներ: