Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2020-ին էլեկտրաէներգիայի պակաս կզգանք. ՀԲ-ն օգնում է (տեսանյութ)

Տնտեսություն
atomakayan

2020թ. ՀՀ-ն կունենա էլեկտրաէներգիայի պաշարի պակասուրդ, որը պայմանավորված կլինի նաեւ Մեծամորի ատոմակայանի գործունեության կասեցմամբ: Սա ՀԲ եզրակացությունն է: Էներգետիկ պաշարը համալրելու համար բանկը ՀՀ Կառավարությանն առաջարկել է կառուցել գազով աշխատող շուրջ 500 մգՎտ հզորության ջերմաէլեկտրակայան: Այդ նպատակով ՀԲ գործադիր տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել ՀՀ-ին տրամադրել 52 մլն դոլար վարկ, որը կծախսվի նաեւ Աշնակի եւ Երեւանի ՋԷԿ-երի նորոգման համար։ «Հիմնանորոգելով Աշնակի ՋԷԿ-ը` կկարողանանք ապահովել 120 հազար սպառողի եւ ձեռնարկության անխափան էլեկտրամատակարարումը: Իսկ Երեւանի ՋԷԿ-ը հիմնանորոգումից հետո անխափան կսպասարկի 1մլն սպառողի ու ձեռնարկության»,- այսօր ասաց ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին: ՀԲ-ն իր 52 մլն դոլար արժողությամբ վարկը կտրամադրի 25 տարով, որից 14,5 տարին կլինի արտոնյալ: Իսկ նոր` 500 մգՎտ հզորության ջերմաէլեկտրակայանի կառուցման համար հարկավոր կլինի 69.16 մլն դոլար, որից 17.16 մլն-ն պետք է տրամադրի ՀՀ Կառավարությունը: Նշենք, որ ռուսական վարկով 2016թ. 10 տարով երկարաձգվել էր ատոմակայանի գործունեությունը: ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրենն անդրադարձավ նաեւ մամուլի հրապարակումներին, ըստ որոնց ՀԷՑ-ը սնանկանում է, իսկ ապրիլի 1-ից նոր սեփականատերը կլինի «Տաշիր գրուպ»-ի ղեկավար Սամվել Կարապետյանը. «Ասեկոսեներին ծանոթ եմ: Ընդհանրապես գաղափար չունեմ` որքանով են դրանք լուրջ: Որոշակի թյուրիմացություն եւ շփոթմունք կա այս ասեկոսների հետ կապված: Այս վարկը ՀՀ ինքնիշխան կառավարության տրամադրվում` այն ակտիվների ու գույքի համար, որոնք հանդիսանում են ՀՀ ինքնիշխան կառավարության սեփականությունը»: ՀԲ ծրագրի թիմի ղեկավար Արթուր Կոչնակյանը կոչ արեց չխառնել ՀԷՑ-ը, որոնք մասնավոր բաշխիչ ընկերություններ են, բարձրաոլտ էլեկտրական ցանցերի հետ, որոնք ամբողջովին պատկանում են պետությանը. «Այդ երկու էլեկտրակայանները, որոնք մենք հիմնանորոգելու ենք, պատկանում են բարձրաոլտ էլեկտրացանցին»: Ի դեպ, ոչ ՀԷՑ-ը եւ ոչ էլ «Տաշիր գրուպ»-ը չցանկացան մեկնաբանել Սամվել Կարապետյանին առնչվող լուրերը։