Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանը ընկալվում է որպես Ռուսաստանի կցորդ» (տեսանյութ)

Քաղաքականություն
anushlevon

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի համար իրավաչափ երևույթ է։ «Դա նրանց իրավունքն է զենք վաճառել նրան, ում կցանկանան, բայց նրանց համարելով մեր ռազմավարական դաշնակիցը, մենք իրավունք ունենք մեր մտահոգություններն ու անհանգստությունը հայտնել այս կապակցությամբ, մանավանդ որ մտահոգությունը տեղին է, քանի որ այդ զենքով սպանվում են մեր զինվորները։ Նախագահն արդեն արել է իր հայտարարությունը։ Սակայն կարծում եմ, որ  պետք է նաև մեր ռուս գործընկերներին հասկանալ այս առումով»,- ասաց նա։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն էլ այս համատեքստում հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի անդամ պետությունները որոշակի համաձայնագրեր են ստորագրել, ըստ որոնց՝ պարտավորվում են հակամարտությունը  չհրահրել, չնպաստել  իրավիճակի սրմանը, ինչպես նաև կողմերից որևէ մեկին զենք չվաճառել։ «Ասել, որ Ռուսաստանի գործն է զենք վաճառելը, դա իհարկե այդպես է, սակայն իր ստրատեգիական գործընկերները պետք է համապատասխան վարքագիծ դրսևորեն Ռուսաստանի նման  քայլերի հանդեպ, որոնք  իսկապես քաղաքական քայլեր են »,-շեշտեց տիկին Սեդրակյանը։ Վերջինս համոզված է, որ Ռուսաստանը խախտում է անվտանգության երաշխավորման իր բոլոր խոստումներն ու Մինսկի խմբի բոլոր համաձայնագրերը, ինչպես նաև ներքին գործընկերային բոլոր հիմունքները։ «Ռուսաստանի ներկայիս տնտեսական և քաղաքական իրավիճակը  ճգնաժամային է, և մոտակա 10 տարում մենք ի զորու չենք նույնիսկ այս խախտված պայմանագրերի առկայության դեպքում Ռուսաստանի կողմից ակնկալել որոշակի հնարավոր օգնություն որևէ բնագավառում»։ Անդրադառնալով նաև ԵՏՄ անդամ պետությունների՝ Աստանայում կայացած համաժողովին Հայաստանի բացակայության փաստին, Անուշ Սեդրակյանը նշեց. «Հայաստանը ԵՏՄ-ում չի ընկալվում որպես հավասարարժեք գործընկեր, այլապես թեկուզ ձևական առումով կլիներ հրավեր։ Երբ որ չկա պրոտոկոլային հրավեր, նշանակում է, որ ինչ-ինչ պատճառներով այդ երկիրն անտեսված է։ Երբևէ որևէ մեկը չի կարող կարծել, որ Հայաստանը կունենա Ռուսաստանի կարծիքից տարբերվող կարծիք, այսինքն՝ Հայաստանը ընկալվում է որպես Ռուսաստանի կցորդ, և ինչ կարիք կա հրավիրելու նրան, ով միևնույն է կրկնելու է Ռուսաստանի ասածները»։