Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն եռյակի հետ այս պահին ընդհանուր շահ չունի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
3aaa410e72680f87cda6af85103786f1

«ԲՀԿ-ն իրեն հռչակեց դե յուրե ընդդիմություն, բայց մինչ այդ էլ էր կուսակցությունը ընդդիմադիր գործունեություն վարում,- վստահեցնում է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ հավելելով, որ նախկին ծրագրային դրույթները նրանք հիմա էլ են պահպանում. «Մենք այսօր խմբակցությունում 33 հոգի ենք, չնայած 10-ն արդեն կուսակցությունից չեն, բայց մենք խորհրդարանում շարունակում ենք մնալ երկրորդ քաղաքական ուժը, մենք առաջ ենք շարժվելու՝ չբացառելով ոչ մի բան, մինչեւ 2017 թվականը»: ԲՀԿ պատգամավորը մասնակցում է կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի աշխատանքներին։ Հարցին, թե կմասնակցե՞ր նա նույն հանձնաժողովի աշխատանքներին Տիգրան Սարգսյանի օրոք, պատասխանեց. «Եթե կուսակցությունը որոշեր, պետք է քննարկեինք, բայց ես նախորդ կառավարության օրոք որպես անձ չէի մասնակցի այդ հանձնաժողովի աշխատանքներին»։ Պարոն Մելքումյանը չբացառեց, որ կարող է նաեւ ցանկացած պահի դուրս գալ հանձնաժողովից. «Եթե մենք հասկանանք, որ այդ կառույցը նորմալ չի աշխատում, կարող ենք ցանկացած պահի դուրս գալ, բայց չմասնակցել ու միշտ բողոքել, թե լավ չի՝ կարծում եմ, սխալ է»: Պատասխանելով հարցին, թե ինչու ԲՀԿ-ն չի քննադատում վարչապետին, գուցե հովանավորվո՞ւմ է նրա կողմից, Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Մենք որեւէ հովանավորության կարիք չունենք: Մենք ինքներս կարող ենք հովանավորել որեւէ այլ կառույցի, դուք լավ գիտեք, չեմ ուզում բոլոր փակագծերը բացել: Եվ հետո ուշադիր եղեք՝ ես քննադատում եմ վարչապետին, բայց մերժում եմ մերկապարանոց քննադատությունները, ես մասնագիտական քննադատություն եմ անում: Քննադատել չի նշանակում անձերին վիրավորել: Իսկ կառավարության աշխատանքը ես բազմիցս իմ ելույթներում քննադատում եմ»: Խոսելով Սահմանադրական բարեփոխումների մասին՝ ԲՀԿ պատգամավորը ասաց, որ իրենք սպասում են նոր բարեփոխումների նոր տեքստին. «Մենք ունեցել ենք հանդիպում Սերժ Սարգսյանի հետ, այդ հանդիպման ընթացքում պարզ դարձավ, որ կան մտահոգություններ, բացառված չէ, որ տեքստի 2-րդ տարբերակ մտնի ԱԺ: Մինչեւ չլինի այդ տեքստը, մենք մնում ենք մեր նախնական կարծիքին»: Եռյակի հետ համագործակցության մասին Միքայել Մելքումյանը ասաց. «Եռյակի հետ մենք որեւէ պայմանագիր չունենք, մենք խորհրդարանական ֆորմատով էինք գործակցում, ԲՀԿ-ն շարունակում է լավ հարաբերություններ պահպանել նրանց հետ, ու եթե անհրաժեշտություն լինի, ունենանք ընդհանուր շահ, կարող ենք նորից գործակցել, ու ոչ միայն եռյակի, այլ նաեւ մյուս ուժերի հետ»: