Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր Վիեննայում քննարկում կլինի ԼՂ հիմնախնդրի շուրջ

Քաղաքականություն
minsk

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր Վիեննայում քննարկումներ կանցկացնեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցով։ Այս մասին տեղեկություն է հայտնել ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերի իր էջում։ «Այսօր Վիեննայում մենք ԵԱՀԿ Մինսկի խմբին կտեղեկացնենք բռնության նոր դեպքերի եւ միջնորդների ջանքերի մասին։ Մենք պետք է ԼՂ հակամարտության կարգավորումը դարձնենք առաջնահերթություն»,- նշել է Ուորլիքը։ Հիշեցնենք բռնությունների վերջին 2 դեպքերը։ Մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ դիրքապահ անձնակազմը հետ է շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս, ոչնչացրել իր դիրքերի մատույցներում: Հավելենք նաև, որ հակառակորդը մարտադաշտում է թողել տարբեր տեսակի զենք ու զինամթերք, այդ թվում АК տիպի ինքնաձիգ` իսրայելական արտադրության գիշերային տեսանելիության նշանոցով և խլացուցիչով, սակրավորի հատուկ հանդերձանք, 4 հատ "Муха" տիպի նռնականետ, հարձակողական նռնակներ, փամփուշտի պահունակներ, մեծ քանակության օգտագործված ներարկիչներ, որոնք ամենայն հավանականությամբ կիրառվել են վիրավորներին ցավազրկելու նպատակով: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են: Մարտի 29-ի երեկոյան ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովսեփ Սամսոնի Անդրեասյանը: