Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անվճար ախտորոշումներ՝ մի քանի ուղղություններով

Հասարակություն
3e7b71819c262ac7ddbdc51756767a95

Այս տարվա հունվարից 35- 68 տարեկան բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն անվճար հետազոտվելու իրենց սպասարկող պոլիկլինիկայում կամ ամբուլատորիայում՝ զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի ախտորոշման, իսկ 30-60 տարեկան կանայք՝ արգանդի պարանոցի նախաքաղցկեղի վաղ ախտորոշման և քաղցկեղի կանխարգելման նպատակով: Նախաձեռնությունն իրականացվում է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում՝ ֆինանսավորվող Համաշխարհային բանկի կողմից: Այն ուղղված է առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների, մասնավորապես` արյան գերճնշման, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանը և վաղ ախտորոշմանը: «Մինչև ծրագրի մեկնարկը մեր կառույցի հետ կնքված պայմանագրի շրջանակում մշակվել են «Արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակների վաղ հայտնաբերում, վարում և քաղցկեղի կանխարգելում» և «Ոչ վարակիչ հիվանդությունների կառավարում և բուժում» գործնական ուղեցույցները»,-նշում է ՀՀ ԱՆ Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի առողջապահության տեղեկատվական և վերլուծական կենտրոնի տնօրեն Դիանա Անդրեասյանը: ԱԱԻ-ի կողմից պատրաստված նյութերի հիման վրա նախորդ տարվա հուլիս-նոյեմբեր ամիսների ընթացքում վերապատրաստվել է մայրաքաղաքի և մարզերի առողջության առաջնային պահպանման օղակում աշխատող բժշկական անձնակազմը, ընդհանուր առմամբ 2700 բժիշկ: Իսկ կրթական նպատակով կազմակերպված դասընթացներին մասնակցել է ավելի քան 900 բժիշկ: