Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՊՕՐԻՆԻ» ՍԻԳԵՐ` ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈԻԿԱՆԵՐՈՒՄ

Մարզեր

ՀՀ բնապահպանության նախարարի 2006թ. փետրվարի 9-ի N-38Ա հրամանի համաձայն` Սեւանի սիգն այլեւս չի համարվում արդյունագործական /այսինքն` արգելվում է սիգի որսը - խմբ./ նշանակության ձկնատեսակ, քանի որ սույնով նախատեսված է 2006թ. ընթացքում իրականացնել 400 տոննա կարասի եւ 400 տոննա խեցգետնի որս:

Կարասի որսը թույլատրվում է ափից մինչեւ 500մ հեռավորության վրա: Իսկ Սիգի որսը ընդհանրապես արգելվում է: Ապրիլի 15-ից մինչեւ հուլիսի 15-ը ընկած ժամանակահատվածում` կապված իշխան եւ կողակ ձկնատեսակների ձվադրման սեզոնի հետ, արգելվում է կարասի որսը Ծակքար, Լիճք, Մարտունի, Վարդենիկ, Մաքենիս, Արգիճի եւ Մասրիկ գետերի գետաբերաններում: Սույն հրամանով նախարարը հանձնարարել է «Սեւան» ազգային պարկի տնօրենին` հրամանի կատարման համար համագործակցել Գեղարքունիքի մարզպետարանի եւ մարզի իրավապահ մարմինների հետ:

Զարմանալի է, որ այս անգամ սիգի արդյունագործական որսի արգելքի հետ կապված միջոցառումների ծրագիրը եռակողմ չէ, ինչպես միշտ ստորագրում եւ իրականացնում էին ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը, ՀՀ բնապահպանության նախարարությունը եւ ՀՀ ոստիկանությունը: Այսքանով հանդերձ, ինչպես վկայում են հավաստի աղբյուրները, սիգի որսը շարունակվում է: Դրա վառ ապացույցն այն է, որ սիգն անարգել վաճառվում է մարզի բնակավայրերում եւ մայրաքաղաքի շուկաներում: Մոտ 300 գրամ կշռող մեկ սիգի շուկայական այսօրվա արժեքը տատանվում է 400-500 դրամի սահմաններում:

Գավառի «Քյավառ» Հ/Ը