Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լավագույն հրապարակում՝ 2 լրատվամիջոց գլխավոր մրցանակի է արժանացել

Քաղաքականություն
սփյուռք

Մարտի 30-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ նախարարին կից ատյանի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էր երեք հարց: Նախ՝ ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ս. Պետրոսյանը ներկայացրեց «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի «Ցեղասպանության հետևանքների վերացման և պատասխանատվության խնդիրները» համաժողովի ծրագիրը: Խոսելով կազմակերպչական աշխատանքների մասին՝ զեկուցողը նշեց, որ 2015թ. ապրիլի 22-23-ը Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի ծրագրերի շրջանակներում տեղի կունենա «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորում, որի ընթացքում կազմակերպվելու է առանձին համաժողով՝ նվիրված Ցեղասպանության հետևանքների վերացման և պատասխանատվության խնդիրներին, որի ժամանակ քննարկվելու են Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատասխանատվության միջազգային իրավական հիմնահարցերը: Համաժողովին մասնակցելու են աշխարհի 14 երկրներից միջազգային իրավունքի 35 հայ և օտարազգի մասնագետներ, ցեղասպանագետներ: Համաժողովին իրենց մասնակցությունը կբերեն նաև մասնագետներ ՀՀ-ից և ԼՂՀ-ից: Համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Ս. Համբարյանն ամփոփ ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության, համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ 2010 թվականից իրականացվող «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները: Զեկուցողը նշեց, որ կազմակերպչական աշխատանքների արդյունքում ստացվել է 95 հայտ աշխարհի 15 երկրից՝ ՌԴ-ից, Վրաստանից, Ուկրաինայից, Իրանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Սիրիայից, Լիբանանից, Բելգիայից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից, Գերմանիայից, Իսպանիայից, Արգենտինայից, ԱՄՆ-ից: Մրցութային հանձնաժողովների կողմից գնահատման արդյունքներով հաստատվել են գլխավոր, 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի մրցանակները, որոշվել են դրամական խրախուսանքների չափերը, սահմանվել են մրցանակաբաշխության հուշանվերները: Ընտրվել է 64 մրցանակակիր: 2015 թվականի ապրիլի 9-ին նախատեսվում է կազմակերպել 2014 թվականի մրցանակաբաշխության ամփոփիչ հանդիսավոր արարողությունը: Լրատվամիջոցների «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` լավագույն հրապարակում» մրցույթում գլխավոր մրցանակի է արժանացել 2 լրատվամիջոց և 11 լրատվամիջոց դարձել է մրցանակակիր: Զեկուցողն առաջարկեց «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2015 թվականի ծրագրում ընդգրկել «Լավագույն համայնք», «Մայրենիի պաշտպան», «Լավագույն գեղարվեստական խումբ» (պարային համույթ, երգչախումբ, նվագախումբ) «Լավագույն հայկական ընտանիք» անվանակարգերը: Մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Է. Բաղդասարյանը զեկուցեց 2014-2015թթ. հաշվետու ժամանակաշրջանում վարչության կատարած աշխատանքների մասին, նշելով, որ վարչությունն իր գործառույթների շրջանակներում կազմակերպել և իրականացրել է նախարարության տեղեկատվական քաղաքականությունը՝ ապահովելով նախարարության կապն ու համագործակցությունը Հաաստանի և Սփյուռքի ԶԼՄ-ների, հասարական կառույցերի ու կազմակերպությունների, անհատների հետ, լուսաբանել և իրազեկել է հայաստանյան հանրությանը և սփյուռքահայությանը նախարարության գործունեության,, իրականացրած ծրագրերի ու միջոցառումների մասին: Զեկուցողը մասնավորապես նշեց, որ Հայաստանի, Սփյուռքի և օտար տպագիր և Էլեկտրոնային լրատվամիջոցներում եղել է ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության վերաբերող մոտ 2610 հրապարակում: Ամփոփելով նիստը՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը գոհունակությամբ նշեց կատարված աշխատանքների մասին և կարևորեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների և ծրագրերի իրականացման և լուսաբանման ընթացքը: