Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարդը լոլիկ է ուտում՝ չիմանալով, որ այնտեղ ձկան օրգանիզմ կա». բնապահպան (տեսանյութ)

Հասարակություն
20391441313134506

Հորմոն պարունակող և գենետիկորեն ձևափոխված սննդամթերքն այժմ շատ երկրների է անհանգստացնում։ «Հարցն այնքան լուրջ է, որ հասել է քաղաքական մակարդակի, երկրների միջև դատական պրոցեսներ են սկսվել: ԵՄ-ն, որը դեմ է գենետիկորեն վերափոխված օրգանիզմներով սննդին, փորձել է փակել իր սահմաններն՝ արգելելով ձեւափոխված օրգանիզմների, բույսերի, դրանց սերմերի ներկրումը եվրոպական երկրներ: Իրենց հաջողվեց հորմոն պարունակող սննդի առաջ ճանապարհը փակել, բայց գենետիկորեն ձեւափոխվածի առաջ՝ ոչ»,- հայտնել է «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը: Նա նշել է, որ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների օգտագործումն ունի և դրական, և բացասական կողմեր. «Մենք կարող ենք արտադրել այնպիսի բույսեր, որ թույն արտադրեն եւ գյուղատնտեսական վնասատուները չեն կարող գալ եւ բույսը փչացնել: Դա մի կողմից լավ է, տնտեսապես շահավետ: Բայց գալիս է ժամանակ, երբ տեսնում ենք, որ ռիսկերը չենք հաշվարկել՝ ալերգիաներ են առաջանում եւ այլն: «Օրինակ, մարդը ձկան նկատմամբ ալերգիա ունի, լոլիկ է ուտում՝ չիմանալով, որ այնտեղ ձկան օրգանիզմ կա»,-շեշտել է տիկին Դանիելյանը: Նրա խոսքով՝ այդ սննդի ազդեցությունն արդեն առկա է մարդու գենետիկայի վրա։ «Հայաստանը գենետիկորեն ձեւափոխված սննդամթերք սպառող երկիր է: Չունենք լաբորատորիա, որ ուսումնասիրություն կատարի և պարզի այդ մթերքների պարունակությունը»,-ընդգծել է մասնագետը։ «Չգիտենք, թե ինչով կավարտվի այս ամեն ինչը: Անփորձ դաշտի մեջ ենք: Բանն այն է, որ բնական ճանապարհով խաչասերում իրականացնելը վնաս չէ: Օրինակ, խնձորը խնձորի հետ խաչասերելը, բայց երբ վերցնում են ձուկը եւ լցնում լոլիկի, խնձորի մեջ՝ դա է վտանգավոր: Վտանգավոր է նաև, երբ հողային մանրէն լցնում են կարտոֆիլի մեջ,-նշել է Հայկական բուսաբանական ընկերության նախագահի տեղակալ Գոհար Օգանեզովան։ «Տապան» էկո-ակումբի նախագահ Հրանտ Սարգսյանն էլ իր հերթին շեշտել է, որ այս խնդրով պետք է զբաղվեն իրավաբանները, որ հասարակությունը կոնկրետ իմանա՝ ով ի՞նչ ցանեց: Նախկին օրենքով սահմանված էր, որ ով ուզի՝ կարող է արտադրել, ցանել, շուկա արտահանել գենետիկորեն ձեւափոխված սնունդ: Իսկ նոր օրենքի նախագծում, որն արդեն անցել է առաջին լսումները, մի կարևոր պարբերություն կա, այն է. ՀՀ տարածքը զուրկ է գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների օգտագործումից: «Ես ենթադրում եմ, որ որևէ մեկն արդեն չի կարող ներկրել, ցանել, արտադրել նման սննդամթերք: Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներն էլ ասացին, որ կա երկու լաբորատորիա, որոնք կարող են ստուգել»,-հավելել է պարոն Սարգսյանը։