Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և «Dasaran» կրթական ծրագիրը կհամագործակցեն

Հասարակություն
das1

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հին ճեմարանի դահլիճում «Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը կնքեցին փոխըմբռնման հուշագիր: Կողմերի միջև կնքված հուշագիրը նպատակաուղղված է հանրակրթական դպրոցներում քրիստոնեական դաստիարակության առավել ակտիվ իրականացմանը, աշակերտներին Հայ Առաքելական Եկեղեցուն հաղորդ դարձնելուն, քրիստոնեական արժեքները սերմանելուն, բարոյապես հարստացած ապագա քաղաքացիներ դաստիարակելուն: Ըստ ստորագրված հուշագրի՝ «Dasaran» կրթական ծրագրի կայքում ստեղծվելու է «Հոգևոր անկյուն» պաշտոնական էջը, որի շնորհիվ աշակերտները կհամալրեն իրենց գիտելիքները հոգևոր-ճանաչողական տեղեկատվությամբ, կծանոթանան Հայ առաքելական եկեղեցու դերին և նշանակությանը, եկեղեցական տոներին, Հայ Եկեղեցու խորհուրդներին և հատուկ արարողություններին: «Dasaran» կրթական ծրագրի և Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ներկայացուցիչները, արժևորելով հոգևոր դաստիարակության ոլորտում աշակերտների ակտիվ ներգրավվածությունը և ցուցաբերած հետաքրքրությունը, համաձայն փոխըմբռնման հուշագրի՝ խրախուսելու են «Հոգևոր անկյուն» պաշտոնական էջի առավել ակտիվ մասնակից աշակերտներին՝ հնարավորություն տալով նրանց այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարան ու գանձարան և մասնակցելու ինտերակտիվ-ճանաչողական շրջայցի: Կարևորելով նաև արտացանցային տարբերակով՝ դպրոցում դասավանդվող «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցանմամբ քրիստոնեական գիտելիքների փոխանցումը և աշակերտների հոգևոր իմացության ընդլայնումը, կողմերի միջև կնքված հուշագիրը նախատեսում է ևս մեկ ծրագրի իրականացում: Ըստ այդ ծրագրի՝ վերոնշյալ առարկայից տարեկան կտրվածքով լավագույն ցուցանիշներ գրանցած աշակերտներին հնարավորություն կընձեռվի դառնալու մասնակիցը «Մեկ օր Մայր Աթոռում» խորագրով ինտերակտիվ շրջայցի, որի ընթացքում դպրոցականներն առավել մանրամասն կծանոթանան եկեղեցուն և նրա դարավոր առաքելությանը: dasaran.am