Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նավասարդ Կճոյանի ուղերձը Ծաղկազարդի առթիվ

Հասարակություն
navasard

«ՕՐՀՆԵՑԷՔ,  ԳՈՎԵՑԷՔ  ԵՒ  ԲԱՐՁՐ  ԱՐԱՐԷՔ  ԶՆԱ  ՅԱՒԻՏԵԱՆ» Ժամագիրք Սիրելի՛ք, Առաքելահաստատ մեր Սուրբ Եկեղեցին մարտի 29-ին տոնախմբում է Ծաղկազարդը, որը  Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական  մուտքի հիշատակությունն է: Ն. Ս. Օ. Տ. Տ.  Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հայտարարվել է մանուկների օրհնության օր: Երուսաղեմում՝ տաճարի մոտ, մանուկները, թափահարելով բողբոջած ոստերը,  ասում էին. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթեոս ԻԱ 15), իսկ ներկաները՝  բարձրաձայնում. «Ահա ես և իմ մանուկները, որ Աստված ինձ պարգևեց, բոլորս կանք և ակնկալում ենք տեսնել Քրիստոսին և լսել Նրա երանավետ խոսքը» (Եսայի Ը 18):  Հիսուս շատ է սիրում մանուկներին և հորդորում է, որ նրանց  պես մաքուր ու անարատ լինենք, որպեսզի արժանանք Իր տեսությանն ու երկնքի  արքայությանը (տե՛ս Մարկոս Ժ 15): Եվ երբ Տերը մտավ Երուսաղեմ, ամբողջ քաղաքը դղրդաց, և մարդիկ, արմավենիների ճյուղեր վերցնելով, ելան Նրան ընդառաջ: Երուսաղեմում «Փառաց Թագավորն» Իր հաղթական մուտքով ազդարարեց  փրկագործության սկիզբը: Հիսուս ներկաներին ցույց տվեց, որ Ինքն է Աստծո Գառը, Ով կամավոր հանձնառությամբ պատարագվելու է մարդկության փրկության համար: Պահեցողության այս օրերի մեջ արմավենիներով ընդառաջ գալը խորհրդանշական է  յուրաքանչյուրիս համար: Ամենքս էլ  Տիրոջ առաջ պիտի ելնենք զանազան առաքինություններով հանդերձավորված  և մեր ձեռքում ունենանք սիրով ու բարությամբ արարված բազմաթիվ գործեր: Ծաղկազարդին հաջորդող շաբաթ օրը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Հարության օրն է:  Երբ Ճրագալույցի Ս. Պատարագին հնչած ավետիսով ու եկեղեցուց տարված լույսով լուսավորվեն մեր օջախները, մեր հոգիներում մեղմ կհնչի հարուցյալ Հիսուսի բաղձալի ձայնը. «Խաղաղությո՜ւն ձեզ»: Եվ որպես հարամնա սիրո խոստում՝ կհուսադրի ամենքիս՝ ասելով հետևյալ խոսքերը. «Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. ԻԸ 20): Մեր աղոթքն է, որ Բարեսեր  Աստված Իր հաղթական մուտքով հրավառի բոլորիս հոգիները, ցանի սիրո կենարար հունդերը մեր սրտերի մեջ և ամենքիս պարգևի փրկարար, գթառատ ու հոգեշահ ներշնչանքներ՝ ի բարօրություն մեր ազգի և Հայրենիքի:   Ջերմագին սիրով և օրհնությամբ՝ ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ