Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր Ծաղկազարդ է

Կարևոր լուրեր Հասարակություն
92d145caeb77c5ba100aefe7eddaaa6d

Այսօր ՝մարտի 29-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ծաղկազարդը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ:  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ  Ծաղկազարդը հռչակված է մանուկների օրհնության օր, քանի որ մանուկներն էին, որ տաճարում Հիսուսին ողջունեցին «Օվսաննա, օրհնություն Դավթի որդուն» աղաղակելով: Ծաղկազարդի առթիվ բոլոր եկեղեցիներում ժամը 11.00 մատուցվելու է տոնական ս. պատարագ՝ բաց խորանով: ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում ս. պատարագը կմատուցվի ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.  Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Հավարտ ս. պատարագի կկատարվի Մանուկների օրհնության կարգ: Երեկոյան ժամերգության ընթացքում (ժամը 17.00) կկատարվի դռնբացեքի արարողությունը: Այն միշտ կատարվում է Ծաղկազարդին՝  երեկոյան ժամերգության ավարտին (ծիսակարգը կատարվում է նաև նորակառույց եկեղեցու բացման արարողության ժամանակ): Այն  խորհրդանշում է նախամուտքը, որ ուղեկցում է դեպի Քրիստոսի չարչարանքների Ավագ շաբաթը: Դռնբացեքը կատարվում է եկեղեցու դռների, եկեղեցու գավթի դռան կամ Ս. Խորանի վարագույրի առաջ: Այդ դուռը կամ վարագույրը Երկնքի արքայության դռների խորհուրդն ունեն, որոնցից դուրս ժողովուրդը իր հոգևորականի շուրթերով խնդրում է Աստծուն ներս թողնել Արքայություն: Քահանան աղոթքի ու երգեցողության ընթացքում թակում է դուռը կամ գետինը՝ ի նշան ավետարանական այն խոսքի, թե «…ծեծեք և կբացվի, խնդրեք և կտրվի»:   Ծաղկազարդն Արարատյան Հայրապետական թեմում Այսօր՝ հավարտ ս. պատարագի, թեմի մի շարք եկեղեցիներում կիրականացվեն միջոցառումներ: ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում ս. պատարագը կմատուցվի ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.  Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Հավարտ ս. պատարագի կկատարվի Մանուկների օրհնության կարգ: Մալաթիայի ս. Աստվածածին եկեղեցում   13.00 նախատեսվում է «Ալեքս» և «Լույսի աստղ» հաշմանդամ երեխաների ծնողների ՀԿ-ի 40 երեխաների օրհնության կարգ և թեմի բարեգործական բաժնի կողմից նվերների բաժանում: Նախատեսվում է նաև համայնքի առաջին դասարանի երեխաների օրհնության կարգ և գրպանի աղոթաքգրքերի բաժանում: Զորավոր ս. Աստվածածին եկեղեցում   նախատեսվում է միջոցառում հեքիաթի հերոսների մասնակցությամբ, գիպսե արձանիկների վրա ներկում, խաղերի կազմակերպում: Մարաշի ս. Աստվածածին եկեղեցում  նախատեսվում է միջոցառում հեքիաթի հերոսների մասնակցությամբ և կավճանկարչություն: Դավիթաշենի ս. Նահատակաց եկեղեցում  նախատեսվում է կավճանկարչության մրցույթ, խաղալիքների բաժանում, ազգային խաղերի կազմակերպում, եկեղեցու երգչախմբի կողմից հայրենասիրական երգերի կատարում, ձեռքի աշխատանքների ցուցադրություն.իրենց աշխատանքները կցուցադրեն եկեղեցու խմբակներ հաճախող երեխաները: Բյուրավանի ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում նախատեսվում է  նվերների բաժանում և կավճանկարչության մրցույթ շրջակա գյուղերի կիրակնօրյա դպրոցի սաների համար: Արգավանդի ս. Սարգիս եկեղեցում  նախատեսվում է համայնքի, մանկատան ու կիրակնօրյա երեխաներին կոնֆետների բաժանում, որից հետո նրանց համար հետաքրքիր ժամանց կապահովվի մանկական սրճարանում: Վեդու ս. Աստվածածին եկեղեցում  նախատեսվում է միջոցառում Վեդու երգի, պարի խմբերի մասնակցությամբ: Մարմարաշենի ս. Գևորգ եկեղեցում  նախատեսվում է կավճանկարչություն կազմակերպել, գիպսե արձանիկների ներկում, եկեղեցու «Մուշ» պարի համույթի կողմից  պարային համարների ներկայացում: Մխչյանի ս. Հովհաննես եկեղեցում  նախատեսվում է կավճանկարչություն կազմակերպել կիրակնօրյա դպրոցի երեխաների համար,որից հետո նրանց կբաժանվեն  սրբանկարներ:   Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին