Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԽ-ում քննարկվել է 3 թափուր տեղերի համալրման հարցը

Հասարակություն
հխ

Մարտի 27-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Նիստին քննարկվել են խորհրդի առաջիկա անելիքները, ՀԽ անդամների 3 թափուր տեղերի համալրման հարցը, կառավարության ղեկավարի հետ պարբերաբար հանդիպումներ անցկացնելու և որոշակի հարցեր քննարկելու մեխանիզմները: Որոշվել է ընթացիկ հարցերի հետ մեկտեղ խորհրդում անցկացնել առանձին ոլորտներին առնչվող հարցերի քննարկման մեկամսյակ: Հստակեցվել են առաջիկայում քննարկվելիք ոլորտները՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, կրթություն ու գիտություն: Վազգեն Մանուկյանը ՀԽ համապատասխան հանձնաժողովների նախագահներին հանձնարարել է աշխատանքային խմբերի, քննարկումների միջոցով խորությամբ ուսումնասիրել ոլորտային խնդիրները, ներկայացնել առաջարկներ ու լուծումներ՝ դրանք նաև կառավարության ղեկավարի հետ քննարկելու նպատակով: Փոքր խորհրդի նիստին քննարկվել է նաև համայնքների խոշորացման ծրագիրը: Խորհրդի ղեկավարը ՀԽ տարծքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանին հանձնարարել է հաջորդ շաբաթ հարցի վերաբերյալ կազմակերպել քննարկում՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Հանրային խորհրդի անդամ, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը խորհրդի անդամներին է ներկայացրել մարտի 26-ին Հանրային խորհրդում Թումանյան 25 հասցեում գտնվող բնակելի շենքի հետ կապված հարցի քննարկման մանրամասներն ու դրա արդյունքները՝ նշելով, որ քննարկման ժամանակ հնչել են բոլոր կողմերի տեսակետները, և առաջարկվել է, որպեսզի Հանրային խորհուրդը շարունակի օժանդակել շահագրգիռ կողմերին՝ գտնելու բոլորի համար ընդունելի լուծումներ: Հանրային խորհուրդը գտել է, որ Թումանյան 25-ի հարցը չի կարող քննարկվել բացառիկ գերակա հանրային շահի տեսանկյունից, քանի որ առկա է ընդամենը գույքի մեկ սեփականատիրոջ՝ «Ռենշին» ընկերության շահը, և ցանկացած լուծում պետք է փոխհամաձայնեցված լինի գույքի մյուս սեփականատերերի՝ շենքի բնակիչների հետ և բխի նաև նրանց շահերից: Վազգեն Մանուկյանը շեշտել է, որ Հանրային խորհուրդը կշարունակի հետևել Թումանյան 25-ի զարգացումներին և հետևողական կլինի խնդրի արդարացի լուծման հարցում: Փոքր խորհրդի նիստին քննարկվել է նաև ՀՀ Հանրային խորհրդի կողմից Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման կառույցների միջազգային ասոցիացիայի կազմում ընդգրկված գործընկեր կառույցներին Ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող ուղերձ հղելու հարցը, որին կից կներկայացվի նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը: ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը հայտնել է, որ հանձնաժողովն առաջիկայում կազմակերպելու է հանրային քննարկումներ "Հասարակական կազմակերպությունների մասին" օրենքին, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցներին առնչվող խնդիրների վերաբերյալ: