Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ ժողովրդի համար կխաղան «Ռեալի» եւ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
խորեն3

Հայկական ֆուտբոլի կենդանի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված ԽՍՀՄ – աշխարհի հավաքական վետերաների հանդիպումը, ինչպես ընդունված է պրոֆեսիոնալ ֆուտբոլում, սկսվեց նախախաղային մամուլի ասուլիսով: «Ես, անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչպես պետք է մարզեմ աշխարհի հավաքականի խաղացողներին, ինչ ասեմ հանդիպումից առաջ: Ավելի շուտ ինքս անչափ երջանիկ եմ, որ գտնվելու եմ այնպիսի աստղերի կողքին, որոնք հրավիրվել են այս խաղին», - մամուլի ասուլիսի սկզբում ասաց Եվգենի Լովչեւը, որը վաղվա խաղում գլխավորելու է աշխարհի հավաքականը: Լրագրողները երբ նրան հարցրին, թե ինչպես է պատկերացնում միմյանց թշնամի երկու ակումբների` Մադրիդի «Ռեալի» եւ «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստների ներկայությունը նույն թիմում (խոսքը վերաբերում է չիլիացի Իվան Սամորանոյին եւ բուլղարացի Խրիստո Ստոյիչկովին), Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստը հումորով նշեց. «Հավանաբար նրանց պետք է խաղացնեմ տարբեր կեսերում»: 1993 թվականի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ Խրիստո Ստոյիչկովն այդ կապակցությամբ ասաց, որ Սամորանոն առաջ մրցակից է եղել, բայց այսօր իր ընկերն է, ուստի վաղը իրենք խաղալու են հայ ժողովրդի համար: ԽՍՀՄ վետերանների հավաքականի գլխավոր մարզիչ Անատոլի Բիշովեցն ասաց, որ մեծ հաճույքով է ընդունել այս առաջարկը. «Ես 11 տարեկան էի, երբ առաջին անգամ տեսա Նիկիտա Սիմոնյանի խաղը: 1964 թվականին, երբ Կիեւի «Դինամոյի» կազմում առաջին անգամ այցելեցի Երեւան, Հայաստանում փայլում էր Սարգիս Հովիվյանը: Նրանցից շատ բան եմ սովորել և ընդօրինակել: Խորենը նույնպիսի մեծերից մեկն է, քանի որ նա խաղացել է «Արարատ-73»-ի աստղերի կողքին, ընդգրկվել է ԽՍՀՄ հավաքականի այնպիսի կազմում, որտեղ հանդես էին գալիս բարձրակարգ ֆուտբոլիստներ»: Նշենք, որ մամուլի ասուլիսին մասնակցեցին նաեւ ԽՍՀՄ հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Վալերի Գազաեւը, Լեոնիդ Բուրյակը, 1986թ Եվրոպայի լավագույն խաղացող Իգոր Բելանովը, ֆրանսիացի Վենսան Կանդելան, բրազիլացի Ալդաիրը, պորտուգալացի Պաուլու Ֆերեյրան: Բուն հոբելյարը ուշացումով ներկայացավ ասուլիսին, քանի որ հրավիրվել էր ՀՀ ազգային ժողով: խորեն2 Հիշեցնենք, որ Խորեն Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված ԽՍՀՄ – աշխարհի հավաքական վետերանների ֆուտբոլային հանդիպումը տեղի կունենա մարտի 28-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում: Տոմսերի արժեքը 500-1000 դրամ է: Ըստ հանդիպման կազմակերպիչների՝ տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է արյան քաղցկեղով տառապող երեխաների օգնության հիմնադրամին: