Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձեռնարկ՝ մարդկային ռեսուրսների կառավարման մասին

Հասարակություն
school

Այսօր UNISCHOOL դասընթացների կենտրոնում տեղի է ունեցել «Մարդկային ռեսուրսների կառավարումը բարձրագույն ուսումնական հաստատություններում» ուսումնամեթոդական ձեռնարկի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին առավել քան 10 բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: «Մարդկային ռեսուրսների կառավարումը բարձրագույն ուսումնական հաստատություններում» ուսումնամեթոդական ձեռնարկը նվիրված է բարձրագույն կրթության ոլորտի արդի հիմնախնդիրներից մեկի՝ բուհերում մարդկային ռեսուրսների կառավարմանը: Բովանդակության ընտրությունը բխում է բուհերի կառավարման համակարգի կատարելագործման անհրաժեշտությունից, հետևապես ձեռնարկն օգտակար գործիք է կրթության ոլորտում քաղաքականություն մշակողների, ուսումնական հաստատությունների ղեկավարների ու մարդկային ռեսուրսների կառավարիչների, կրթության ոլորտում բարեփոխումների հիմնախնդիրներով զբաղվող մասնագետների, գիտակրթական գործունեությամբ զբաղվողների, վերլուծաբանների, ուսումնառողների և շահագրգիռ այլ կողմերի համար: «Մարդկային ռեսուրսների կառավարումը բարձրագույն ուսումնական հաստատություններում» ուսումնամեթոդական ձեռնարկի հեղինակներն են ԵՊԼՀ Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի վարիչ, Որակի ապահովման կենտրոնի ղեկավար, բ. գ. թ. դոցենտ Ռոբերտ Խաչատրյանը, հիշյալ ամբիոնի դասախոսներ՝ Ալբերտ Վիրաբյանը, Արկադի Պապոյանը, Անի Մազմանյանը, Սամվել Կարաբեկյանը, Լիլիա Ասրյանը, Անի Շահինյանը և ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի ղեկավար Արմեն Բուդաղյանը: Ձեռնարկի գլխավոր խմբագիր Ռոբերտ Խաչատրյանը նշեց, որ այս ձեռնարկի կարևորությունը պայմանավորված է բուհերի կառավարման միջազգային պրակտիկայում առկա գիտագործնական կիրառելիությամբ, և, ամենակարևորը, այն տեղայնացված է, համապատասխանում է հայաստանյան իրավիճակին: Նա ընդգծեց, որ հայալեզու սակավաթիվ մասնագիտական գրականության շարքում այս ձեռնարկը մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում առաջիններից է: Ռոբերտ Խաչատրյանը վստահ է, որ այս ձեռնարկն իր բարենպաստ ազդեցությունը կունենա բարձրագույն կրթության ոլորտի, բուհի ու մասնավորապես մարդկային ռեսուրսների մասնագետների, ինչպես նաև մնացյալ բոլոր շահագրգիռ անձանց մասնագիտական գործունեության վրա: