Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ներդրվում է փողոցային էներգաարդյունավետ լուսադիոդային համակարգ

Հասարակություն
դիոդ

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը մասնակցել է «Երեւան քաղաքում փողոցային էներգաարդյունավետ լուսադիոդային լուսավորության  համակարգ» - ի ցուցադրական նախագծի շնորհանդեսին: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակում  կյանքի կոչված այս նախաձեռնության շնորհանդեսին ներկա են գտնվել նաև ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն: Մայրաքաղաքի կենտրոնն օդանավակայանին միացնող Իսակովի պողոտայից մինչև  Թաիրովի փողոցի ճանապարհահատվածում տեղադրվել են շուրջ  500 էներգաարդյունավետ լուսադիոդային լուսատուներ, որոնք  ապահովում են ճանապարհային մակերեսի ժամանակակից  պահանջներին համապատասխանող լուսավորություն: «Քաղաքային կանաչ լուսավորություն»-ը քառամյա ծրագրի պիլոտային նախագիծն էր, որն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի ու Գլոբալ էկոլոգիական ֆոնդի համատեղ ջանքերով`ՀՀ բնապահպանության նախարարության համակարգմամբ: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն է հայտնել ՀՀ բնապահպանության նախարարությանը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին արդյունավետ համագործակցության և Երևան քաղաքը նշված ծրագրում ընդգրկելու համար` նշելով,  որ «Երևան քաղաքը հանդիսանալով հանրապետության մասշտաբով քաղաքային լուսավորության ամենախոշոր սպառողը՝ ավելի մեծ պատասխանատվություն է կրում թե՛ ռեսուրսների արդյունավետ կառավարման,  թե՛ արտանետումների կրճատման առումով։ Երևանը միացել է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը և կամավոր պարտավորություն է ստանձնել իր լիազորությունների և ազդեցության շրջանակներում մինչև 2020թ. առնվազն 20 տոկոսով կրճատել ածխածնի երկօքսիդի արտանետումների ծավալը: Կամո Արեյանը տեղեկացրել է, որ ՄԱԶԾ-ի հետ համագործակցության հաջորդ ծրագիրը կիրականացվի Երևանի կենդանաբանական այգում, ուր ամբողջությամբ կվերազինվի արտաքին լուսավորության համակարգը: Այդ նպատակով Երևանի քաղաքապետարանը կանցկացնի ստորգետնյա մալուխագծեր և կտեղադրի հենասյուներ:  Քաղաքապետի առաջին տեղակալը նաև անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տարիների համագործակցությանը՝ հատկանշելով, որ համատեղ բազմաթիվ ծրագրերն անչափ կարևոր են եղել: Նոր համակարգի տեղադրումն ապահովում է էլեկտրաէներգիայի մոտ 63 տոկոս  խնայողություն, ինչը տարեկան կտրվածքով թույլ կտա խնայել մոտ 45,000 ԱՄՆ դոլար և կրճատել ածխածնի երկօքսիդի արտանետումները 220 տոննայով: Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ մեկնարկած բնապահպանական միջոցառումը տեղական ինքնակառավարման մարմինների հետ հեռանկարային համագործակցության արդյունք է և բնապահպանական խնդիրների լուծման տեսակետից հետագա համագործակցության լավ հնարավորություն է ընձեռում: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն շնորհավորել է ներկաներին պիլոտային ծրագրի ավարտի կապակցությամբ և նշել, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակը կարևորում է էներգաարդյունավետության բարձրացման  և վերականգնվող էներգիայի  կիրառման ուղղությամբ Հայաստանում ներդրվող ջանքերը` երկրի հետագա էներգետիկ անվտանգության տեսանկյունից: