Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյան-Ժիրայր Սեֆիլյան հանդիպումը բացառված չէ (տեսանյութ)

Քաղաքականություն
assembly

Ազգային Ժողովի խմբակցություններից ոչ մեկը Ցեղասպանության 100 ամյակի օրը իշխանափոխություն իրականացնող Ժիրայր Սեֆիլյանի կողքին չի լինի: «Կոնկրետ ապրիլի 24-ի օրով չի կարելի որեւէ բան նախաձեռնել,- ասում է «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հավելում է՝ «Մենք դեմ ենք քաղաքական պայքարը կապել ապրիլի 24-ի հետ»։ Դաշնակցությունը դեմ է որեւէ իշխանափոխության շարժման նույնիսկ հաջորդ օրերին, ի վերջո ապրիլի 24-ով չի ավարտվում Ցեղասպանության 100-ամյակը. «Եթե էդ նպատակն ունեն, մենք չենք կարող միանալ որեւէ ուժի հետ, ես պարզ եմ, չէ՞, ասում»։ Արմեն Ռուստամյանը վստահ է, որ իշխանությունները պետք է կանխարգելեն Ժիրայր Սեֆիլյանի մտադրությունը. «Շատ պարզ հասկացություն կա քրեական օրենսգրքում, ասում ա ավելի մեծ վտանգից խուսափելու համար կատարվում են քայլեր, որոնք ծայրահեղ անհրաժեշտությունից բխած են»։ ՀԱԿ-ի օրակարգում Ժիրայր Սեֆիլյանի շարժմանը միանալու հարց չկա, ՀԱԿ-ի օրակարգը իրենք են թելադրում։ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշում է. «Մենք այդպիսի հարց չենք քննարկել, մեզ այդպիսի նախաձեռնությունով չեն դիմել»։ Իսկ ահա ԲՀԿ-ն դեմ է, որ Ժիրայր Սեֆիլյանն ապակայունացնի ներքաղաքական դրությունը։ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը կողմնակից է, որ գնանք համոզելու ճանապարհով. «Ոչինչ թող վատ լինի»։ ԲՀԿ-ն այսօր Հայաստանի ներսում անձերի դեմ չի պայքարում, նրա իմացած չարիքն այս աշխարհից չէ։ «Հայ ժողովրդի գլխավոր չարիքը այսօրվա դրությամբ Հեյդար Ալիեւն է»,- ասում է Վահան Բաբայանը։ ՀՀԿ-ն հեղափոխական, պատերազմական կոչերին դեմ է, այդ կապակցությամբ իշխանությունը պետք է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնի։ Ի դեպ, Սերժ Սարգսյան-Ժիրայր Սեֆիլյան հանդիպումն էլ բացառված չէ։ Ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի՝ «Հնարավոր է, որեւէ միջոցառման առիթով երկուսն էլ հրավերք ունենան, էդ ժամանակ հանդիպեն, դա կլինի ծնունդ, հարսանիք»։