Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ հարցերով հատուկ բանագնացը

Պաշտոնական
miav

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ՄԻԱՎ/ՁԻԱՀ հարցերով հատուկ բանագնաց Միշել Կազաչկինի գլխավորած պատվիրակությանը: «Ուրախ եմ ձեզ ողջունելու Հայաստանում: Կարծում եմ տուբերկուլոզի դեմ պայքարում «Գլոբալ» հիմնադրամի, ինչպես նաև ՄԱԿ-ի ենթակառուցվածքների հետ երկար տարիների համագործակցությունը գերակա ուղղություն է մեզ համար»,- ողջունելով առաջին անգամ Հայաստան ժամանած հյուրին ասաց ՀՀ առողջապահության նախարարը: Նա նշեց, որ միջազգային կառույցների ջանքերի և աջակցության շնորհիվ Հայաստանը կարողացել է հիվանդության` հատկապես արտագնա աշխատանքով պայմանավորված տարածվածությունը կանխարգելելու նպատակով իրականացնել բավականաչափ աշխատանք: Միշել Կազաչկինը նշեց, որ ծանոթ է Հայաստանում իրականացվող առողջապահական առաջին իսկ ծրագրերին: «Ցանկանում եմ նաև շնորհավորել ձեր կառավարությանը և քաղաքացիական հատվածին տուբերկուլոզի դեմ պայքարի գործում գրանցած հաջողությունների համար: Կարծում եմ միջազգային հանրությունը դա տեսնում և գնահատում է»,- ընդգծեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ՄԻԱՎ/ՁԻԱՀ հարցերով հատուկ բանագնացը: Նրա այցելությունը Հայաստան կենտրոնացած է ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ինչպես նաև տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրերում ձեռքբերումների կայունության ապահովման և խոցելի խմբերի հետ կապված հարցերի վրա: Միշել Կազաչկինը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում կարևորեց նաև մեր երկրի ֆինանսական կայունության հարցը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հեպացիտ C-ի և ներհիվանդանոցային վարակների դեմ պայքարին, ՀՀ «Դեղերի մասին» օրենքին, դեղերի պետական գնումների գործընթացին, ինչպես նաև ՄԻԱՎ-ի թեստավորման միջոցով հայտնաբերմանը: Նշվեց, որ Հայաստանը բարձր գնահատական է ստացել ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի (UNAIDS) և ԱՀԿ-ի կողմից տուբերկուլոզի և ՄԻԱՎ-ի ոլորտներում ունեցած ձեռքբերումների և տարածաշրջանում լավ մոդել հանդիսանալու համար, ներառյալ ՕՓԲ (oփիոիդներով (մեթադոնով) փոխարինող բուժում) ոլորտում: Առողջապահության նախարարություն