Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պոչամբարից վատթարացել է բնակիչների առողջական վիճակը. նամակ իշխանություններին

Հասարակություն
fc7598810e28f711d777f46640d54796

Մեծ Այրում համայնքի 195 բնակիչներ բաց նամակ են ուղղում ՀՀ վարչապետ  Հովիկ  Աբրահամյանին,  ՀՀ Ազգային  ժողովի  ՀՅԴ,  ՀՀԿ,  ԲՀԿ, ՕԵԿ,  ՀԱԿ,  Ժառանգություն  խմբակցություններին  եվ  բոլոր  պատգամավորներին, Ազգային  ժողովի  գյուղատնտեսական եւ բնապահպանական  հարցերով  մշտական  հանձնաժողովին,   ՀՀ  հանրային  խորհրդին,  ԵԱՀԿ  երեւանյան  գրասենյակի  դեսպան   Անդրեյ  Սորոկինին,           ՀՀ  բնապահպանության  նախարար  Արամայիս  Գրիգորյանին,   ՀՀ Լոռու  մարզի  Մեծ Այրում   համայնքի   ավագանու  անդամներին: Նամակում ասված է. «Հայտնում ենք ձեզ այն մասին, որ 2014 թվականի դեկտմեբերի 8-ին Հայաստանի Հանրապետության կառավարության  հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման  միջգերատեսչական հանձնաժողովը  տվել է դրական եզրակացություն ՀՀ Լոռու մարզի, Ճոճկան և Մեծ Այրում համայնքների միջնամասում գտնվող 40 հա գյուղատնտեսական նշանակության հողերի գյուղատնտեսականից արդյունաբերականի փոփոխման համար, որպեսզի այդ հողատարածքը տրամադրվի «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ին, նոր պոչամբարի կառուցման նպատակով, որից հետո տարածքային կառավարման նախարարությունը առաջարկել էր Ճոճկան և Մեծ Այրում համայնքների ղեկավարներին և ավագանուն փոխել հողի կարգավիճակը` այն «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ին տրամադրելու համար:  Մեծ Այրում համայնքում հապճեպ ավագանու նիստ հրավիրվեց, սակայն որոշում չընդունվեց և ավագանու անդամների ու համայնքի բնակիչների մի մասի պահանջով երկու անգամ համայնքում հրավիրվեց քննարկում, որտեղ համայնքի բնակիչները դեմ են եղել  նոր պոչամբարի կառուցմանը և  չեն տվել իրենց համաձայնությունը,  ուստի կարիք կար քննարկումների հետագա կազմակերպման, սակայն 2015 թվականի փետրվարի 26-ին Մեծ Այրում համայնքի ավագանին, հաշվի չառնելով համայնքի բնակիչների կարծիքները և հորդորները, առանց բնակիչներին արտահայտվելու իրավունք տալու, կայացրեց որոշում ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի 12 հա գյուղատնտեսական նշանակության հողերի կարգի փոփոխման վերաբերյալ: Հաշվի առնելով այն, որ նախկինում և ներկայումս Ախթալայում և Մեծ Այրումում գործող պոչամբարներն օգտագործվել են առանց բնապահպանական և անվտանգության տարրական նորմերի պահպանման, վտանգ են ներկայացրել համայնքի բնակիչների համար, որտեղ խորտակվում էին համայնքների ընտանի կենդանիները, պոչանքների ջրերը հոսել և հոսում են` խառնվելով Դեբեդ գետի ջրերին, որի ջրերով մենք ոrոգում ենք մեր այգիները, պոչամբարի առկայությունը համայնքում հարուցել է համայնքի բնակիչների դժգոհությունը, վատթարացել է բնակիչների առողջական վիճակը, ինչի մասին համայնքի բնակիչները բարձրաձայնել են լրատվամիջոցներով, սակայն այդ խնդրին որևէ մեկը ուշադրություն չի դարձրել, և այն, որ համայնքն իր տարածքում թափոններ կուտակելու համար չի ստանում որևէ փոխհատուցում առողջապահական և բնապահպանական խնդիրները լուծելու համար: ԴԻՄՈՒՄ ԵՆՔ  ՎԵՐՈՆՇՅԱԼ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆՆԵՐԻՆ ,  ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԵՎ  ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ ՄԵՆՔ` ՄԵԾ ԱՅՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐՍ, ԴԵՄ ԵՆՔ  ՄԵՐ ՀՈՂԵՐՈՒՄ  ՆՈՐ ՊՈՉԱՄԲԱՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ  և պահանջում ենք դադարեցնել գործընթացը մինչև` 1. «Ախթալայի ԼՀԿ» -ն չի լուծել հին պոչամբարների ռեկուլտիվացիայի և անվտանգության նորմերի պահպանման խնդիրները 2. մինչև Մեծ Այրում համայնքին չի առաջարկվել առողջապահական և բնապահպանական խնդիրները լուծելու փոխհատուցման որևէ եղանակ կամ օրենսդրական մեխանիզմ: ՄԵՆՔ, ՄԵԾ ԱՅՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐՍ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ   Մեծ Այրումի տեղական ինքնակառավարման մարմիններից, ավագանու անդամներից, հարգել համայնքի բնակիչների կարծիքը ,  մասնակցային կառավարման սկզբունքները  և անհապաղ  անվավեր ճանաչել 26.02.2015 թվականին, առանց  համայնքի բնակիչների կարծիքը հաշվի առնելու, հապճեպ և  խայտառակ ձևով ընդունված  N 7- Ա հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին որոշումը  և վերադարձնել մեզ մեր արոտավայրերը,  որի համար ստորև ստորագրում ենք»: Էկոլուր