Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի 27-ի օրը. մեկնարկեց Քելբաջարի ազատագրման օպերացիան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
oracuyc-2

1993-ի մարտի 27-ին մեկնարկեց Քելբաջարի ազատագրման օպերացիան, որ ավարտվեց 6 օր անց։ Սա Արցախյան ազատամարտի ելքը վճռած կարեւորագույն ռազմական օպերացիաներից էր։ 1999-ի այս օրվա հայ կոմունիստների հավաքի նպատակը սերբ ժողովրդի նկատմամբ ՆԱՏՕ-ի կողմից ուժի կիրառման դեմ բողոքելն էր։ 1999-ի մարտի 27-ին ցույցի էին ելել նաեւ կույրերի միավորման դուստր ձեռնարկության աշխատակիցները։ Նրանք պահանջում էին տնօրենի պաշտոնում նշանակել իրենց ներկայացուցչին։ Նախկին տնօրենը պաշտոնանկ էր արվել ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ստուգումներից հետո, երբ լուրջ չարաշահումների փաստեր էին հայտնաբերվել։ 1999-ի այս օրը Նովրուզի տոնի կապակցությամբ քուրդ ժողովրդին շնորհավորեց Հայ հեղափոխական դաշնակցությունը։ 99-ի այս օրը Սյունիքի սահմանամերձ շուկայի փակման առիթով բողոքում էր շուկայի նախկին տնօրեն Ալեքսան Հովհաննիսյանը։ Նա փաստարկում էր, որ շուկայի փակումից հետո արդեն Իրանից Մեղրիով Հայաստան եկող ապրանքները, որ մաքսազերծվում են Երեւանում, նույն Մեղրիում վաճառվում են մոտ 50 տոկոսով թանկ, քան Երեւանում է։ 2001-ի այս օրվա հանրահավաքին մասնակցում էին 22 կուսակցություն եւ հասարակական կազմակերպություն։ Պահանջը բաշխիչ էլեկտրացանցերի մասնավորեցման գործընթացը կասեցնելն էր։  Նույն 2001-ի այս օրը տոնական տրամադրություն էր Շենգավիթում։ տասնամյա դադարից հետո գործարկվում էր համայնքը սնուցող գազամուղը։ Շարքային բնակիչները, սակայն, մի քիչ էլ մտազբաղ էին՝ ինչպե՞ս են վճարելու գազի հաշվիչների վճարը՝ չհաշված գազի ոչ ցածր սակագները։ 1991-ի մարտի 28-ին Երեւանում ապամոնտաժվում էր Լենինի արձանը։ Օդում կախված էր հարցը, թե ո՞վ է փոխարինելու Սովետական առաջնորդին այդ պատվավոր տեղում։ Առայժմ այդ տեղը դատարկ է։