Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մանկավարժական համալսարան» պաշտոնաթերթը 50 տարեկան է

Հասարակություն
3-1

Թերթի ծնունդը իրադարձություն էր բուհի կյանքում: Առաջին համարը լույս է տեսել 1965 թվականին, որի առաջին խմբագիրը անվանի լեզվաբան Պետրոս Բեդիրյանն էր, այն ժամանակ Հայկական մանկավարժական ինստիտուտի շրջանավարտ: Ի դեպ, թերթը ձեւավորող նկարիչներից մեկը հայտնի գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանն է, որ նաեւ ձեւավորել էր 1965 թվականի ցեղասպանության 50 ամյակին նվիրված թերթի համարը: Այստեղ են իրենց գրական ուղին հարթել լեզվաբան Պետրոս Բեդիրյանը, գրականագետ Հայկազ Մուրադյանը, անվանի գրողներ Լևոն Անանյանը, Վանո Սիրադեղյանը, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը և ուրիշներ: «Մանկավարժ» պաշտոնաթերթն ունեցել է 15 խմբագիր, որոնց թվում նաեւ Գրողների միության նախկին նախագահ Լեւոն Անանյանը: Թերթի հոբելյանի առթիվ այսօր կազմակերպված ձեռնարկին ներկա էին թերթի տարբեր տարիների խմբագիրներ, Լեւոն Անանյանի որդին՝ Արամ Անանյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ ու հյուրեր: Բուհի ռեկտորը «Մանկավարժական համալսարան» մեդալով պարգեւատրեց թերթի նախկին խմբագիրներ Պետրոս Բեդիրյանին, Շուշան Դանոյանին, Գոհար Ասիրբեկյանին, ինչպես նաև 2003 թվականից մինչ օրս թերթի գլխավոր խմբագիր Սիլվա Ասրյանին: Ձեռնարկին ներկա Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը չթաքցրեց՝ «Մանկավարժական համալսարան» պաշտոնաթերթը հայ մամուլի պատմության մեջ իր փառավոր տեղն ունի: Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը թերթի գլխավոր խմբագիր Սիլվա Ասրյանին պարգևատրեց միության բարձրագույն՝ «Հավատարիմ մասնագիտությանը» մեդալով: