Նաիրիտցիները Բաղրամյան 26-ի հետ են հույսեր կապում. ակցիա
Այս պահին Բաղրամյան 26-ի մոտ են «Նաիրիտ» գործարանի մոտ 100 նախկին աշխատակիցներ, ովքեր պահանջում են իրենց 18-24 ամիսների աշխատավարձերը։
Երեկ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ հանդիպումը նրանց ավելի է զայրացրել. «Ի՞նչ է նշանակում՝ փող չունենք, չենք տալիս, գժի տեղ են դրել մարդկանց, մեր ընտանիքները սոված են»։
Նաիրիտցիները հույս ունեն, որ գոնե Բաղրամյան 26-ում իրենց կասեն, թե երբ են վճարելու աշխատավարձերը։ Ի դեպ, նշենք, որ «Նաիրիտ»-ի աշխատակիցները նաեւ ցուցակներով ներկա-բացակա են անում, որպեսզի պարզեն, թե ովքեր են միշտ ներկա լինում ակցիաներին. «Ցուցակները հետո կհանձնենք Սերժ Սարգսյանին, որ գոնե այն մարդիկ, ովքեր միշտ գալիս են, նրանց աշխատավարձ տան»։
Այս պահին նրանք սպասում են արհմիության նախագահին եւ նախկին մամուլի պատասխանատուին, որպեսզի հստակեցնեն հետագա քայլերը։