Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զրույց հողմաղացի հետ». գրված է հայ մարդու համար

Հասարակություն
VAG_8124

Այսօր Մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Էլբակյանի ՙԶրույց հողմաղացի հետ՚ գրքի և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյանի ՙՊարարվեստը հայ մամուլի էջերում՚ երկհատոր ժողովածուի շնորհանդեսը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն արժեքավոր համարելով գրքերը՝ նկատեց. ՙԱյստեղ է, որ մարդ դրսևորում է իր կարողությունները, գիտելիքների խորությունը և այդ ամենն ապագա սերունդներին փոխանցելու ցանկությունը: Սա այն հազվադեպ ձեռնարկներից է, որտեղ մեր արվեստագետները խոսում են ավելի շատ իրենց պարտավորությունների, քան՝ ցանկությունների և գաղափարների մասին: Նրանք այն արվեստագենտերն են, ովքեր տանջվում ու տառապում են մեր մշակույթի հոգսերով ու խնդիրներով: Պատահական չէ, որ այդ հանգամանքը նրանց դրդել է ձևակերպել իրենց պահանջմունքն ու ցանկությունը՚: ՙՍա զրույց է ռեժիսորի և հողմաղացի միջև, այն հայերեն գրված գիրք է հայ մարդու համար: Սա մի նոր զավակի ծնունդ է: Գրքում բարձրացված են այն խնդիրները, ինչն ամփոփել եմ այս տարիների ընթացքում՚,- ասաց Մանկավարժական համասլարանի ռեժիսուրայի ամբիոնի վարիչ Արմեն Էլբակյանը: Խոսելով այսօրվա թատրոնի մասին՝ ռեժիսորը նկատեց, որ գուցե հիմա թատրոնի և մշակույթի զարգացման ժամանակշրջան չէ, սակայն թատրոնը հասարակության կյանքում խիստ կարևոր դեր է խաղում: ՙԹատրոնը աշխարհի փոքր մոդել է. այն օգնում է մեզ ազատագրվել մեր շուրջը տիրող քաոսից: Ու անկախ հնչող կարծիքներից, պետք է հավաստել՝ թատրոնը չի մեռել և չի մեռնելու՚,-ամփոփեց ռեժիսորը: Ապագա ռեժիսորների, թատերագետների և, առհասարակ, բեմադրական արվեստով հետաքրքրվողների համար նախատեսված զրույցների այս ժողովածուն փորձ էր՝ բացահայտելու ռեժիսորի կոչման տեսանելի և անտեսանելի մասնագիտական ծալքերը, բեմադրության արարման ստեղծագործական ողջ շղթան՝ պիեսի ընթերցումից մինչև բեմադրություն: Մանկավարժական համալսարանի պարարվեստի մանկավարժության ամբիոնի վարիչ Կարեն Գևորգյանի հեղինակած ՙՊարարվեստը հայ մամուլի էջերում՚ երկհատոր ժողովածուն ամփոփում է մոտ 300 հոդված, որոնք առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն պարարվեստի մասնագետների, այլև հասարակության լայն շրջանակների համար: Ժողովածուն ներառում է ինչպես ազգային, այնպես էլ հայ դասական պարարվեստի սկզբնավորման, զարգացման և հետագա խնդիրներին վերաբերող հոդվածներ, որոնք ընդգրկում են մի ամբողջ ժամանակաշրջան: Ժողվածուում ընդգրկված հոդվածներում ներկայացված է հայ պարարվեստի երախտավորների՝ Վահրամ Արիստակեսյանի, Սրբուհի Լիսիցյանի և այլ նշանավոր գործիչների տեսակետները, ովքեր ժամանակին արձագանքել են հայ պարարվեստին առնչվող խնդիրներին, մտահոգվել են ազգային պարարվեստի ճակատագրով: «Այս գրքից հետո կլինեն մարդիկ, ովքեր կհասկանան, թե հայկական պարարվեստը ինչպիսի օրինաչափ զարգացման ընթացք է ունեցել, և ուր է գնում այսօր մեր ժողովրդական պարը: Մշակութաբանական, պատմական, պատմագիտական փաստերը վկայում են, որ մեր հինավուրց ժողովրդի պարը 3000 տարեկան է: Ժողովածուում զետեղված հոդվածները հույս են տալիս, որ պարն ապագա ունի և նրա ճանապարհը լուսավոր է՚,-ասաց Կարեն Գևորգյանը: Վերջում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը բեղմնավոր և հագեցած մշակույթային գործունեության համար Կուլտուրայի ֆակուլտետի դեկան Գևորգ Թադևոսյանին պարգևատրեց ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, իսկ համալսարանի թանգարանի տնօրեն՝ Ալվարդ Գրիգորյանին և գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցի՝ շնորհակալագրերով: