«Սերժ Սարգսյանն ինձ շատ լավություն է արել, բայց ես հրաժարական եմ տվել». Առավոտ

«Անձնապես Սերժ Սարգսյանը Հայաստանում որեւէ մեկին այնքան լավություն չի արել, որքան ինձ է արել: Բայց ես հրաժարական եմ տվել, որովհետեւ համարել եմ, որ որոշ բաներ ճիշտ չի արել, որ այսինչ մարդկանց այսինչ կադրերին չպիտի նշանակեր, այսինչ գործողություններ չպիտի աներ, որովհետեւ դա չի խոսում մեր ազգի շահերից,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Խոսելով ԲՀԿ-ի ճակատագրական խորհրդաժողովի մասին ՝ նա իր վերջին ասուլիսում նշել ասաց, որ Գագիկ Ծառուկյանը ընդամենը խոսել է սահմանադրական փոփոխությունների մասին եւ ասել, որ եթե իշխանությունները գնան սահմանադրական փոփոխությունների, իրենք դեմ են լինելու եւ կոչ են անելու ժողովրդին դեմ լինել սահմանադրական փոփոխություններին:

Մեր դիտարկմանը, որ Գագիկ Ծառուկյանը նաեւ զգուշացրել էր՝ մեկ անզգույշ քայլ, մեկ անզգույշ բառ եւ հարյուր հազարավոր մարդկանց դուրս կհանեն փողոց, դա արդեն «հաթաթա» չէ՞ր իշխանություններին՝ Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց. «Վա՜յ, վախեցել են, ո՜նց են վախեցել դրանից:

Բոլորս Գագիկ Ծառուկյանին շատ լավ գիտենք, ես իր հետ առիթ եմ ունեցել բազմաթիվ անգամներ սեղան նստելու: Ես մի անգամ ասացի՝ պարո՛ն Ծառուկյան, երբ այսպես մարդկայնորեն նստած ենք, դուք շատ ազատ, հրաշալի խոսում եք: Այդ մարդը, եթե միկրոֆոնի մոտ է եւ այլն, ամեն մարդ որոշակի վախեր ունի, մարդ կա՝ փակ տարածությունից է ունենում, մեկ ուրիշը՝ բարձրությունից, ինքն էլ՝ միկրոֆոնից:

Բայց տեքստը չէ՞ որ հրատարակվել է: Տեքստը վերցրեք կարդացեք, այնտեղ կարմիր գծի նման ի՞նչ գաղափար է գնում: Այնտեղ որեւէ մեկին հեղաշրջելու խնդիր կա՞ դրված: Ասում է՝ Սահմանադրական փոփոխությունները իշխանությունների վերարտադրության համար եք անում, մենք դրան դեմ ենք լինելու բոլոր օրինական միջոցներով: Սա շեշտված է հատուկ: Հիմա ի՞նչ, իշխանություններն օրինական միջոցների՞ց վախեցան»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով