Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ԿԲ-ն ԵՏՄ արժույթի անցնելու ծրագրեր այս պահին չունի. Ազատություն

Քաղաքականություն
DE33EE6F-ED8D-4F44-8834-6627260CC9C7_w268_r1

Հայաստանի Կենտրոնական բանկը այս պահի դրությամբ որևէ ծրագիր չունի ու ԵՏՄ շրջանակում որևէ բանակցություն չի վարել՝ միութենական արժույթին անցնելու նպատակով: «Եվրասիական տնտեսական միության անդամակցության շրջանակներում ստորագրված փաստաթղթերում նման փաստաթուղթ, անգամ դրա նպատակահարմարության, ուսումնասիրության, հեռանկարների վերաբերյալ, գոյություն չունի», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը: - «Նույնը կարող եմ ասել ծրագրերի մասին, որ այս պահի դրությամբ նման ծրագրեր, նման քննարկումներ Կենտրոնական բանկում չկան», - հավելեց նա: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Կենտրոնական բանկին ու Կառավարությանը հանձնարարել է մինչև սեպտեմբերի 1-ը ԵՏՄ անդամ պետությունների Կենտրոնական բանկերի հետ որոշակիացնել արժութային և ֆինանսական ոլորտների ինտեգրացիայի հետագա ուղղությունները, ինչպես նաև մշակել, թե հեռանկարում արժութային միության ստեղծման ի՞նչ նպատակահարմարություն և հնարավորություն կա։ Անցած տարի «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը, հղում կատարելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովում իր աղբյուրին, գրել էր, որ Եվրասիական տնտեսական միությունն ունենալու է իր միասնական արժույթը, և այն կոչվելու է «ալթըն»՝ ընդգծելով, որ հարցը ոչ պաշտոնապես արդեն իսկ հավանության է արժանացել Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահների կողմից: «Որևէ բանակցություն, որևէ պաշտոնական քննարկում այդ ուղղությամբ չի եղել: Եվ, ասեմ ավելին, ԵՏՄ շրջանակներում քննարկվել է ֆինանսական շուկայի միասնական կարգավորողի ձևավորման խնդիրը, որը պետք է տեղի ունենա 2025 թվից հետո: Այդ ընթացքում պետք է ներդաշնակեցվեն ազգային օրենսդրությունները, կարգավորումները, և նոր դրանից հետո այդ հարցը մտնելու է օրակարգ», - նշեց Դարբինյանը՝ կարծիք հայտնելով, որ տարիներ են հարկավոր, որպեսզի ԵՏՄ-ում միասնական արժույթի անցնելու պայմաններ ստեղծվեն․ - «Դա չի կարող լինել վարչական որոշում: Դրա համար անհրաժեշտ են համապատասխան զարգացումներ տնտեսություններում, ֆինանսական շուկաներում»: Մանրամասներն՝ այստեղ