Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԵՎԱՆԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՉԱՓԵՐԻ Է ՀԱՍՆՈՒՄ

Մարզեր

Կեղտաջրերի մաքրման խնդիրը Գեղարքունիքի մարզում առավել արդիական է: Միայն մակերեւութային հոսքաջրերի միջոցով Սեւանա լիճ է ներկրվում տարեկան 4000տ գոմաղբ, 80տ ֆոսֆատներ, 290տ նիտրատներ եւ ավելի քան 115տ նավթամթերք:

Ինչպես նշում է Գեղարքունիքի մարզպետարանի Բնապահպանության վարչության պետը, առաջացած կեղտաջրերի մաքրման եւ արդյունաբերական աղտոտվածության աստիճանը կրճատելու նպատակով նախատեսված էր կառուցել օղակաձեւ կոլեկտոր, որի շնորհիվ պետք է մաքրվեր Սեւանա լճի ափերին հարող բնակավայրերից հեռացող կեղտաջրերը: Սակայն ֆինանսական դժվարությունների եւ ճարտարաշինական որոշակի հիմնավորումների բացակայության հետեւանքով կոլեկտորի շինարարությունը դադարեցվել է:

Ներկայումս Սեւանա լճի ավազանում առաջանում է 11 մլն մ 3 կեղտաջուր, որից միայն Սեւան քաղաքի կեղտաջրերն են ենթարկվում մաքրման:

Գավառ քաղաքը չունի կոյուղու մաքրման կայան: Քաղաքի կեղտաջրերի մաքրման նպատակով 1978թ. սկսվել էր 25 հազար մ3/օր հզորությամբ կայանքի կառուցումը, որը դադարեցվել է 1985թ.՝ կապված առափնյա օղակային կոլեկտորի կառուցման հետ: Արդյունքնում անավարտ են մնացել թե՛ մեկը, եւ թե՛ մյուսը, իսկ արդյունաբերական քաղաքի կեղտաջրերն այսօր անարգել լցվում են Սեւանա լիճ: Կոյուղագծերի մեծ մասը ֆիզիկապես մաշվել է:

Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարության Պետական Հիգիենիկ Հակահամաճարակային Տեսչության Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի Փորձագիտական կենտրոնի անալիզի արդյունքներով նկատվում է, որ Գավառագետում գնալով նվազում է քիմիական նյութերով աղտոտվածությունը, բացառությամբ մակերեսային ակտիվ նյութերի (լվացող նյութեր, օճառներ), նավթամթերքների, քանի որ այժմ տարածքում չի գործում բաց ջրամբարն աղտոտող ոչ մի ձեռնարկություն եւ ավելանում է մանրէաբանական աղտոտվածությունը:

Նույն կազմակերպության առաջատար մասնագետ Ժաննա Մակարյանը նշում է, որ անհանգստություն է ներկայացնում նաեւ Մարտունու եւ Գավառի ինֆեկցիոն բաժանմունքների մաքրման կայանների բացակայությունը, քանի որ այս դեպքում մեծանում է համաճարակի բռնկումների հավանականությունը:

Նույն աղբյուրի համաձայն` Գավառագետը ներկայումս հիմնականում ենթարկվում է մանրէաբանական աղտոտվածության: Սակայն ինքնամաքրման շնորհիվ գետը ազատվում է մանրէներից:

Գավառի «Քյավառ» ՀԸ