Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենայով հիվանդ է տեղափոխել, բայց տուգանվել է 270 հազար դրամով (տեսանյութ)

Հասարակություն
varord-17

Վարորդ Վլադիմիր Անդրեասյանը կարծում է, որ ինքը պարտավոր չէ մուծել 270 հազար դրամ վարչական տուգանքը` ճանապարհատրանսպորտային խախտումների համար։ Նախորդ տարվա սեպտեմբերի 2-ին Վլադիմիր Անդրեասյանը իր հիվանդ հարազատին, երթեւեկության կանոնները խախտելով, Եղեգնաձորից տեղափոխել է Էրեբունի բժշկական կենտրոն։ «Ես լսել էի հեռուստատեսությամբ ՃՈ ղեկավարությունից, որ եթե հիվանդ ես տեղափոխում, տվյալ բժշկական կենտրոնը իրավունք ունի գրանցելու քո տվյալները, մեքենայի տվյալները, որ եթե խնդիրներ առաջանան, լուծեն, բայց մի երեսուն րոպե խոսելուց հետո բուժքույրը հրաժարվեց»,- «Ա1+»-ին ասաց Վալերի Անդրեասյանը։ Վարորդը հույսը չի կորցնում, թե կկարողանա բժշկական կենտրոնից ստանալ այդ տեղեկանքը. «Ես երկու անգամ դիմել եմ՝ հերքում են, ասում են չկա նման օրենք, ես իրավասու չեմ։ Բայց ես գիտեմ դեպքեր, որ իրենց աշխատողներին նման տեղեկանք իրենք տրամադրել են։ Ոստիկանությունից էլ հայտնեցին, որ Էրեբունի բժշկական կենտրոնը նման տեղեկանքներ տրամադրում է»։ Էրեբունի բժշկական կենտրոնից փոխանցեցին, որ իրենք երբեւէ չեն նշում, թե ինչ մեքենայով են հիվանդին բերել, քանի որ ընդունում են հիվանդին, այլ ոչ թե մեքենան։ Այնուամենայնիվ, Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին խորհուրդ է տալիս հետեւողական լինել, որ համապատասխան բուժհաստատություններում գրանցվեն նաեւ տեղափոխող տրանսպորտային միջոցի եւ վարորդի տվյալները։ «Որպեսզի հնարավոր լինի թեկուզ մեր կողմից հարցման եղանակով պարզել տեղափոխող տրանսպորտային միջոցի տվյալները»,- «Ա1+» -ին ասաց Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը։ Իրավաբանական բաժնի պետի խոսքերով՝ վարչական պատասխանատվությունից ազատվելու դեպքում պետք է փաստվի երկու հանգամանք. «Հիվանդը իսկապես գտնվել է ծանր վիճակում եւ իրավախախտում չկատարելու դեպքում վտանգ կսպառնար կյանքին, եւ երկրորդ հանգամանքը, որ հիվանդը իսկապես տեղափոխվել է տվյալ տրանսպորտային միջոցով եւ վարորդն է տեղափոխել»։ Իսկ Վլադիմիր Անդրեասյանը պատրաստվում է դատական կարգով չեղյալ համարել 270 հազար դրամ տուգանքը։