Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիստ՝ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով

Հասարակություն
կառ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստ: Անցնելով օրակարգային հարցերին՝ հանձնաժողովին է ներկայացվել 2014 թվականի ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային, Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովների կողմից հաշմանդամներին սոցիալական ծրագրերում ներառելու ուղղությամբ կատարված աշխատանքները: Զեկուցվել է, որ պետական ծրագրերն ուղղված են եղել անմրցունակ խմբերի, մասնավորապես հաշմանդամների զբաղվածության խթանմանը. ստեղծվել է 13 սոցիալական ձեռնարկություն, մասնագիտական ուսուցում են ստացել ավելի քան 600 և աշխատանքով ապահովվել 400 հաշմանդամ: Միայն սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղատնտեսության աջակցության ծրագրով նախորդ տարվա ընթացքում ժամանակավոր աշխատանքով ապահովվել է 237 հաշմանդամ: Բացի այդ, 460 հաշմանդամ ձեռք է բերել մասնագիտություն միջին մասնագիտական և արհեստագործական հասատություններում, իսկ նման 10 հաստատություն հարմարեցվել է հաշմանդամություն ունեցող անձանց համար: Ուշադրության կենտրոնում է եղել հաշմանդամություն ունեցող անձանց կրթության հասանելիության խնդիրը, մատչելի քաղաքաշինական միջավայրի հարցը: Նախորդ տարի Երևանում կառուցվել է 980 թեքահարթակ, մատչելի պայմաններ են ստեղծվել զբոսայգիներում, փողոցների անցումներում, մայթերում: Տեղադրվել են նաև մի քանի ձայնային լուսացույցներ: Երևանում գործող հասարակական 10 ավտոբուսներ համալրվել են հաշմանդամների համար նախատեսված վերելակներով: Նշված ծրագրերը 2015 թվականի ընթացքում լինելու են շարունակական: Հաշվի առնելով նաև մարզային հանձնաժողովների հաշվետվությունները՝ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում հնչել են բազմաթիվ առաջարկություններ՝ հաշմանդամների խնդիրների լուծման նպատակով: