Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետերն ու պատգամավոր Մարտուն Գրիգորյանը եւս լքեցին ԲՀԿ-ն

Քաղաքականություն
c2072a7bed0227d8ee9afd0974d9e5a3

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում հայտնում է ԲՀԿ-ն լքելու մասին. «Ինձ ճանաչողները գիտեն, որ 2009 թ-ին, չլինելով կուսակցական հոգեբանության և մտածողության կրող, բայց թիմային աշխատանքի կողմնակից, կանգնելով Գագիկ Ծառուկյան անձի կողքին, թիմակիցներիս հետ մտել եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն: Ես ու թիմակիցներս համամիտ էինք նրա գաղափարների և ծրագրերի հետ և օգնեցինք իրեն և կուսակցությանը իրականացնելու դրանք, որոնցից անցած 6 տարիներին շռայլորեն օգտվեցին Շիրակը և Գյումրին: Մենք բոլոր առիթներն օգտագործել ենք պարոն Ծառուկյանին մեր երախտագիտությունը և պատրաստակամությունը հայտնելու համար: 2012-ի խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ի օգտին մեր համաքաղաքացիների տված քվեն թերևս լավագույն հատուցումն էր կուսակցությանն ու նրա առաջնորդին մեր քաղաքի նկատմամբ ցուցաբերած տևական հոգածության դիմաց: Մենք Գագիկ Ծառուկյանի կողքին կանգնած ենք եղել անմնացորդ հավատով, վստահությամբ և նվիրումով Համաժողովրդական շարժման բոլոր փուլերում` պատրաստ ամեն ինչի և մինչև վերջ գնալու, իր կողքին մնալու վճռականությամբ: Հայաստանյան ներքաղաքական կյանքում ստեղծված նոր իրավիճակը ամենքիս համար լրջագույն մտորումների առիթ է»: Ավելի վաղ, հաշվի առնելով ԲՀԿ վերջին համագումարում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը և կուսակցության վերակազմավորումը՝ ԲՀԿ Նոր Հաճնի տարածքային կառույցի նախագահ Գագիկ Մաթևոսյանը /Նոր Հաճնի քաղաքապետ/ և Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը դադարեցրին կուսակցական գործունեությունը: Վերջիններս կշարունակեն կատարել քաղաքապետի իրենց պարտականությունները: Քիչ առաջ էլ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանն է կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Tert.am –ին նա հայտնել է, որ նման որոշման կայացման պատճառն այն է, որ ԲՀԿ-ն հայտարարել է ընդդիմություն լինելու մասին: