Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանից մնաց մեդալի մեկ թեկնածու

Սպորտ
a1-chees-evropa

Երուսաղեմում ընթացող շախմատի Եվրոպայի առաջնությունում մեր շախմատիստներից մեդալների համար կպայքարի միայն Գաբրիել Սարգսյանը:   Այսօր կայացած 9-րդ տուրում մեր գրոսմայստերը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Իվան Պոպովի հետ եւ 6,5 միավորով բաժանում է 4-14-րդ տեղերը: Նրանից կես միավոր շատ են վաստակել երեք շախմատիստ: Այդպիսով, մրցանակային տեղ զբաղեցնելու համար Գաբրիել Սարգսյանը վերջին երկու պարտիաներում պետք է ձգտի միմիայն հաղթանակի, քանի որ շվեյցարական մրցակարգի ժամանակ յուրաքանչյուր վաստակած միավորից հետո մեծանում են սեփական հնարավորություններդ, իսկ մրցակցի շանսերը կտրուկ պակասում են:   Ինչ վերաբերում է մեր մյուս շախմատիստների հնարավորություններին, ապա Վլադիմիր Հակոբյանն ունի 6 միավոր եւ զբաղեցնում է 32-րդ տեղը: Տեսականորեն նա նույնպես կարող է զբաղեցնել մրցանակային տեղ, սակայն դրա համար հարկավոր է հաղթել վերջին երկու տուրերում, իսկ իրենից առաջ գտնվող բոլոր 30 շախմատիստներն ոչ-ոքի խաղան, ինչը, ինքնին, իրատեսական չէ: