Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Ծառուկյանը մանդատը վայր չի դնի. ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն է հռչակում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
naira-zohrabyan1

Մոտ մեկ ժամ տեւած ԲՀԿ 8-րդ արտահերթ համագումարից հետո լրագրողների հետ հանդիպմանը ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ հրավիրված 189 պատվիրակից ներկա են եղել 170-ը, որոնցից միայն ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանն է ձեռնպահ քվեարկել իր թեկնածությանը: Դեմ ձայներ չեն եղել: Համագումարի օրակարգում եղել է մեկ հարց` կուսակացության նախագահի ընտրություն: Տիկին Զոհրաբյանը նշեց, որ ԱԺ առաջիկա քառօրյային ԲՀԿ-ն հայտարարելու է իր` ընդդիմադիր լինելու մասին: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի` խմբակցության ղեկավարի պաշտոնում մնալ-չմնալուն, ապա նա ասաց, որ այդ հարցը ոչ թե համագումարի, այլ խմբակցության ներսում քննարկվելիք հարց է. «Ես` որպես խմբակցության քարտուղար, պարբերաբար Գալուստ Սահակյանին եմ ներկայացրել Գագիկ Ծառուկյանի բացակայության վերաբերյալ տեղեկանքներ: Դրանք բոլորը ԱԺ նախագահի կողմից համարվել են հարգելի: Ինձ համար անհասկանալի է, թե որտեղից են ծագել Գագիկ Ծառուկյանի` մանդատը վայր դնելու լուրերը: Գագիկ Ծառուկյանը մնում է կուսակցությունում»: Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ համագումարից հետո տեղի է ունեցել քաղաքական խորհրդի նիստ, որտեղ որոշել են, որ քաղխորհրդի նախագահի տեղակալ է ընտրվել Վարդան Վարդանյանը. «Առաջիկա համագումարին մենք կկատարենք կանոնադրական փոփոխություն եւ կտարանջատենք կուսակցության նախագահի ու քաղխորհրդի նախագահի պաշտոնները, որից հետո Վարդան Վարդանյանը կլինի քաղխորհրդի նախագահ: Դա հիմա մենք չկարողացանք անել, քանի որ այդ մասին մեկ ամիս առաջ պետք է իրազեկում ներկայացնել Արդարադատության նախարարություն»: Նա ընդգծեց, որ ԲՀԿ մամուլի խոսնակ շարունակում է մնալ Տիգրան Ուրիխանյանը. «Իսկ կուսակցությունից ովքեր որ հեռացել են, գիտեք, իսկ թե կլինեն նորերը, անկեղծ` չգիտեմ: Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանին, ապա նա կուսակցությունից հեռանալու դիմում է ներկայացրել: Այսքանը կարող եմ ասել, իսկ մնացածի մասին նա կանի հայտարարաություն, սակայն մի բան հստակ է` նա մանդատը վայր չի դնում»: Արդյոք քաղաքական կուրսի փոփոխության հետ զուգահեռ կփոխվի՞ նաեւ ԲՀԿ մոտեցումը, ասենք, սահմանադրական փոփոխությունների առումով, տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ պետք է փոխված լիներ: Սահմանադրական փոփոխությունների առումով մեր դիրքորոշումը չի փոխվել»: Մյուս բոլոր հարցերին նա խնդրեց անդրադառնալ ավելի ուշ, երբ կավարտվեն ներքին վերադասավորումները, կհստակեցվի ճանապարհային քարտեզը, կմշակվի նոր մարտավարությունը. «Հարցեր կան, որոնց պատասխանը մենք չունենք: Ես վստահեցնում եմ` ԲՀԿ-ն շատ արագ կվերականգնի իր հեղինակությունը»: