Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ի դեմ ուղղված քայլերում կար նաև ռուսական դաբրոն. Ս. Սաֆարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
69cfcdaea07c447e1fa6469e185e6132

«Այսօր սպասվող ԲՀԿ համագումարում կուսակցությունը երևի թե որոշում կկայացնի նորից այն վիճակին գալ, որ նախորդ տարիներին կար. վտանգ չներկայացնել իշխանության համար, իշխանափոխության և այլ պահանջներ չներկայացնել»,-կարծում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը: Ասում է՝ հասարակությանը հերթական անգամ հիասթափություն պատճառվեց ընդդիմադիր ուժերի կողմից, և ժամանակ կպահանջվի՝ դա հաղթահարելու համար: Խոսելով մարտի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին՝ պարոն Սաֆարյանը շեշտել է. «Պարզ ուղերձ տրվեց Մոսկվային, որ եթե դու թույլ տաս ինձ լքել Ազատության հրապարակը, այն կզբաղեցնեն այն ուժերը, որոնք կրծքի տակ պահում են քո հրաժարականը»: Ըստ նրա՝ Տեր-Պետրոսյանն այլևս դաշնակիցներ ու աջակիցներ չունի և այժմ իր միակ խնդիրն է լուծել 5 տոկոսի պատնեշը 2017-ի խորհրդարանական ընտրություններին, որը կարծում է՝ նա չի կարողանա անել: Պարոն Սաֆարյանը կարծում է, որ ներկա պայմաններում վերադասավորումներ կլինեն նաև Կառավարությունում։ «Այս Կառավարությունը ձևավորվել էր նաև նրա համար, որ բավարարեր ԲՀԿ պահանջները, ցանկությունները, և չի բացառվում, որ մինչև տարեվերջ նոր կառավարություն ձևավորվի»,-նշել է նա: Քաղաքական վերլուծաբանը շեշտել է, որ նախագահի պահանջները չեն կատարվել: Տիգրան Սարգսյանի կառավարությունը տնտեսական աճ չէր ապահովել, այս մեկն էլ չի կարող գլուխ գովել, որ աճ է ապահովել: «Ինչ-որ մի պահի կդրվի կառավարության՝ հաշվետվություն ներկայացնելու հարցը»,-ընդգծել է պարոն Սաֆարյանը: Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո ամենամեծ մարտահրավերը նա տեսնում է հենց Հանրապետականի առջև, քանի որ նախագահը խոսում էր տգիտության, մեծ ախորժակի և մանդատ վայելելու մասին: ՀՀԿ-ն պարզապես կանխեց դժգոհության ևս մեկ ալիք, որ կարող էր լինել, և չի կարելի բացառել փոփոխությունները նաև ՀՀԿ-ի ներսում: Պարոն Սաֆարյանը հիշեցնում է ԲՀԿ նախորդ համագումարին Գագիկ Ծառուկյանի ելույթը, երբ նա ասաց, թե եթե գա պահը և ինքը չկարողանա նախագահել կուսակցությունը, կլքի այդ պաշտոնը և այլ մարդ կդառնա կուսակցության նախագահ: «Եթե այդպես լինի, ԲՀԿ նոր նախագահը պետք է կուսակցությունը բերի նախկին ռելսերի վրա, հակառակ դեպքում քիչ բան կմնա այդ կուսակցությունից»,-վստահ է քաղաքական վերլուծաբանը։ «Սարգսյան-Ծառուկյան հարաբերությունների կարգավորման ընթացքում ՀՅԴ-ն խաղաղության բրոկերներից մեկն էր, կար նաև ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը։ Դժվար է ասել, թե հաշտության գալու հարցից դուրս էլ ինչ են պայմանավորվել կողմերը»,-նշել է պարոն Սաֆարյանը: Նա վստահ է, որ ԲՀԿ-ի դեմ ուղղված քայլերում կար նաև ռուսական դաբրոն, այլապես Սերժ Սարգսյանն այդքան կտրուկ քայլերի չէր գնա, թեև «Բարգավաճ Հայաստան»-ն ընդդիմադիրի կարգավիճակում էր նաև այդ երկրի ղեկավարի ցանկությամբ։ «Ռուսաստանը սպանեց այն երեխային, որին ծնել էր»,-եզրափակել է պարոն Սաֆարյանը: