Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաբրիել Սարգսյանն ու Վլադիմիր Հակոբյանը զիջեցին դիրքերը

Սպորտ
shaxmat

Հայաստանի շախմատիստները Երուսաղեմում շարունակում են պայքարը Եվրոպայի անհատական չեմպիոնի կոչման համար: Երեկ կայացած 8-րդ տուրում մեր 9 մասնակիցներից հաղթանակներ տարան գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը և առաջին կարգային Վլադիմիր Պողոսյանը: Սակայն դա ընդամենը բարելավեց նրանց մրցաշարային գործերը, քանի որ նրանք բավականին ետ են մնացել առաջատարներից եւ այլեւս չեն հավակնում մրցանակային տեղերի: Մեդալների համար շարունակում են պայքար մղել մեր երկու փորձառու գրոսմայստերները՝ Գաբրիել Սարգսյանն ու Վլադիմիր Հակոբյանը: Այս տուրում նրանք ոչ-ոքի խաղացին իրենց մրցակիցների հետ: Գաբրիել Սարգսյանը մեծ դժվարությամբ դրան հասավ, քանի որ պարտիայի ընթացքում նյութապես զիջում էր ուկրաինացի Անդրեյ Վոլոկիտինին, իսկ Վլադիմիր Հակոբյանը չնայած դիրքային առավելություն ուներ, սակայն այդպես էլ չկարողացավ հաղթել ռուսաստանցի Եվգենի Ռոմանովին: Ութ տուրից հետո մեր գրոսմայստերները վաստակել են համապատասխանաբար 6 եւ 5,5 միավոր: Գաբրիել Սարգսյանը կես միավորով է զիջում առաջնության միանձնյա առաջատար Յան Նեպոմնյաշչուն, իսկ Վլադիմիր Հակոբյանը՝ մեկ: Այսօր կայանալիք 9-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը սպիտակներով կհանդիպի ռուսաստանցի Իվան Պոպովի հետ, իսկ Վլադիմիր Հակոբյանը նույն խաղաքարերով ուժերը կչափի ֆրանսիացի Էտյեն Բակրոյի հետ: Մեդալների համար պայքարին կարող է միանալ նաեւ մեր գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը ներկայումս 5 միավոր ունի, սակայն դրա համար հարկավոր է հաղթել մնացած բոլոր երեք պարտիաներում: