Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

20 հազար եղևնու տնկի Աշտարակ քաղաքին՝ Լիբանանի կողմից

Քաղաքականություն
դեսպան

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնին: Ողջունելով հյուրին` նախարարը գոհունակություն է հայտնել  գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության ներկա մակարդակով: «Մենք շատ բարձր ենք գնահատում Ձեր ջանքերը հայ-լիբանանյան  բարեկամական կապերի ամրապնդման գործում , քանի որ Լիբանանը  մեզ  համար  շատ կարևոր գործընկեր է, որն ունի  նաև մեծ հայկական համայնք», - նշել է նախարարը: Դեսպան Ժան Մաքարոնն իր հերթին նախարարին է հղել Լիբանանի գյուղատնտեսության նախարար Աքրամ Շահիբի ողջույնն ու առաջիկայում Լիբանան այցելելու հրավերը` երկրի գյուղատնտեսական նորամուծություններին ծանոթանալու համար: Նա նաև տեղեկացրել է, որ լիբանանյան ընկերություններից մեկը ցանկություն է հայտնել բարեգործական նպատակներով Աշտարակ քաղաքին նվիրաբերել շուրջ 20 հազար եղևնու տնկիներ, որոնց համար արդեն հատկացված է հողատարածք: Նշելով, որ առաջիկայում նախատեսվում է Լիբանանի գյուղատնտեսության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան, որի կազմում կլինեն շուրջ 50 լիբանանցի գործարարներ` դեսպանը համոզմունք է հայտնել, որ այցը հրաշալի առիթ կարող է հանդիսանալ գյուղատնտեսության բնագավառում հայ-լիբանանյան նոր գործարար կապերի հաստատման և դեպի Հայաստան լիբանանյան կապիտալի ներհոսքի համար: Նախարարը նույնպես ընդգծել է նմանատիպ այցերի կարևորությունն ագրարային ոլորտում երկկողմ հարաբերությունների խթանման համար և շեշտել, որ որպես ներդրման հնարավոր ուղղություն  առաջնահերթ դիտարկում է անասնապահության ոլորտը (մասնավորապես ոչխարաբուծությունն ու թռչնաբուծությունը): Հանդիպման ավարտին նախարարը ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել հայ-լիբանանյան փոխգործակցության խորացման և ընդլայնման հարցում:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին