Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը ՊՆ-ում

Պաշտոնական
պն1

Ս.թ. մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվեց ՀՀ Նախագահի կարգադրությամբ ձևավորված Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ անցկացված նիստին մասնակցում էին ռազմավարական վերանայման գործընթացին ներգրավված պետական կառավարման բոլոր մարմինները` նախարարների տեղակալների և փորձագետների մակարդակով, ինչպես նաև պաշտպանության նախարարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաները: Ռազմավարական վերանայման 4-րդ փուլում միջանկյալ բնույթ կրող ընթացիկ հանդիպումը նպատակաուղղված էր Հայաստանի Հանրապետության Զորային կառույցի մշակման գործում միջգերատեսչական փոխգործակցության հստակեցմանը և վերջնանպատակների, ուղիների ու միջոցների նախանշմանը: Շնորհակալություն հայտնելով նիստի բոլոր մասնակիցներին` համատեղ ակտիվ ջանքերի համար, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հատուկ կարևորեց հատկապես արդի ժամանակաշրջանում պաշտպանության ռազմավարական վերանայման ամբողջ գործընթացի նշանակությունը: Նշվեց, որ վերանայումն ընձեռում է Հայաստանի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի դեպքում պետական կառավարման բոլոր մարմինների խնդիրները հստակեցնելու ու ներդաշնակեցնելու բացառիկ հնարավորություն: Հիշեցնենք, որ Պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայումը կիրականացվի մինչև 2015թ. վերջը և նպատակաուղղված կլինի Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության միջավայրի երկարաժամկետ գնահատման հիման վրա պաշտպանության և անվտանգային դինամիկ համակարգի` մինչև 2020թ. հեռանկարային զարգացման ապահովմանը: ՊՆ