Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հոգեբանին հոգեբույժ է հարկավոր». գործընկերները ներողություն են պահանջում (տեսանյութ)

Հասարակություն
hogebanner

Հոգեբանները զայրացած են գործընկերոջ վրա։ ՀՊՄՀ կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանն օրեր առաջ մի քանի հոգեբանի մեղադրանքներ է ներկայացրել ասուլիսի ժամանակ։ «Մեր հասցեին մի շարք մեղադրանքներ, անձնական վիրավորանքներ ու զրպարտանք է հնչեցրել նա»,-նշել է ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը։ Իսկ մեղադրանքները վերաբերում էին ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի հայտարարած 2014 թվականի «Արդյունավետ գիտական աշխատող» մրցույթի արդյունքներին, չափանիշներին ու օբյեկտիվությանը։ Պարոն Ավանեսյանի խոսքով՝ այդ մրցույթի համար հոգեբանը պետք է ներկայացնի վերջին 10 տարվա ընթացքում իր պատրաստած գիտական թեկնածուների քանակը, մասնակցած լինի միջազգային գիտական կոնֆերանսների ու գիտաժողովների։ Ի դեպ, ինքը՝ Խուդոյանը մրցույթին չի մասնակցել։ «Բայց հարկ է համարել գռեհիկ բառապաշարով մեզ քննադատել»,-շեշտել է ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչը։ Սամվել Խուդոյանը նաև իր ելույթում նշել է, թե պարոն Ավանեսյանը համալսարանի իր այդ պաշտոնին ծանոթի միջոցով է հասել։ Նա նաև ասել է, թե Ավանեսյանի դոկտորական ատենախոսությունը գրագողություն է պարունակում, այն որակելով քրեական հանցագործություն։ Հոգեբան Խուդոյանի մեղադրանքներն ուղղված են եղել նաև ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի Կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանին. «Սա գիտնականին վայել վարք չի, այն, ինչ պարոն Խուդոյանն ասել է։ Իսկ վերջին մի քանի օրը գրել է, թե ինքը որևէ անձի նկատմամբ ոչ մի բան չունի»։ Պարոն Աղուզումցյանը զարմանում է՝ ուրեմն անձի անունը տալիս է, մեղադրում է, հետո գրում, թե անձի նկատմամբ ոչինչ չունի՞։ Հոգեբանները նշել են, որ սա առաջին դեպքը չէ, որ պարոն Խուդոյանն իրենց մեղադրանքներ է առաջադրում, ֆեյսբուքյան իր էջում բացասական մտքեր արտահայտում։ Բայց չեն հասկանում դրա հիմքը, պատճառը։ Կոնֆլիկտներ չեն ունեցել, բայց այս ամենից հետո Խուդոյանին այլևս կոլեգա չեն համարում։ Պարոն Ավենեսյանի խոսքով՝ որևէ գիտնականի պատվոգիր ստանալուց, կոչման արժանանալուց կամ այլ հաջողությունից հետո Խուդոյանը միանգամից բացասականորեն արտահայտվում է այդ մասին։ Սա համարում են մասնագիտական խանդ, նախանձ։ Որպես հոգեբան, վերլուծելով պարոն Խուդոյանի վիճակը, պարոն Ավանեսյանն այն բավականին ծանր է գնահատել։ «Նրան ոչ թե հոգեբան, այլ արդեն հոգեբույժ է հարկավոր»,-շեշտել է նա։ Հոգեբանները Սամվել Խուդոյանից հրապարակային ներողություն են պահանջում, հակառակ դեպքում դիմելու են դատարան։