Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ավելի լավ է՝ գրեին Ռոբերտ Քոչարյանի կարիքների համար, ոչ թե՝ գերակա շահ» (տեսանյութ)

Հասարակություն
մեդիա

Օրենքները խախտում է ոչ թե հասարակ քաղաքացին, այլ պետությունը. այս կարծիքին է 10 տարի առաջ Երեւանի կենտրոնում սեփականությունից զրկված՝ «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը։ Վերջինս մինչ օրս դատական ատյաններում պայքարում է անօրինականությունների դեմ։ Նրա խոսքով՝ դատարաններում չի բացատրվել, թե ինչ է նշանակում հանրային գերակա շահ. «Ավելի լավ է՝ գրեին Ռոբերտ Քոչարյանի կարիքների համար»։ Այսօր նա մասնակցում էր «Մեդիա Կենտրոն»-ում հրավիրված՝ «Իրավական խախտումների խնդիրը բացառիկ գերակա շահի ոլորտում» թեմայով քննարկմանը։ Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 շենքերի բնակիչների սեփականությունը 2007 թ-ից ճանաչվել է հանրային գերակա շահ։ «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը նշում է, որ այդ տարածքները տվել են «Լոկալ դիվելոփերս» ընկերությանը, որի տնօրենն է Սամվել Մայրապետյանը. վերջինս, հայտնի է, սերտ կապեր ունի Ռոբերտ Քոչարյանի հետ։ Սակայն մինչ օրս չկա նախագիծ, թե ինչ է կառուցվելու այդ տարածքում։ Այսօր նա, ինչպես նաեւ շենքի մյուս բնակիչները նշեցին, որ ոչ մի դեպքում դուրս չեն գալու իրենց տներից եւ ցանկանում են, որպեսզի պահպանվեն հին Երեւանի շենքերը։ Ի դեպ, այս շենքերում ապրել է 52 ընտանիք, սակայն տարիների ընթացքում մնացել է 22-ը։ «Մեզ գալիս են նամակներ հարկադիր մարմնից, որ դիմել են դատարան, որ մեր սեփականությունը` մեր բնակարանը, օտարեն հօգուտ նրա: Այդ գերակա շահ ասվածը չարիք է մեզ համար: Փոխհատուցումը ծիծաղելի է, այն անգամ վիրավորում է քո անձը: Քո երկրում քո բնակարանը ձեռքիցդ խլում են»,- ասում է բնակիչ Ֆլորա Ուդումյանը։