Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նեմցովը զոհն էր Պուտինյան ռեժիմի». Դավիթ Շահնազարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
78562

Մոսկվայում այսօր հողին հանձնեցին ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովին։ Օրեր առաջ Ռուսաստանի մայրաքաղաքի հենց կենտրոնում Կրեմլի հարեւանությամբ Նեմցովը սպանվեց դեռեւս անհայտ մարդու կրակոցներից։ Հայաստանում այս փաստին մեկ անուն են տալիս՝ ցուցադրական մահապատիժ։ «Նեմցովը զոհն էր Պուտինյան ռեժիմի։ Ռուսաստանի իշխանությունը մնում է թիվ մեկ կասկածյալը, ու անկախ նրանից, թե ինչ բացահայտումներ կլինեն, ակնհայտ է , որ չեն գոհացնելու ոչ մեկին»,-ասում է Դավիթ Շահնազարյանը։ Նեմցովին սպանել են Մոսկվայի այն հատվածում, որը գտնվում էր Ռուսաստանի հատուկ ծառայությունների խիստ հսկողության տակ։ Բորիս Նեմցովը նաեւ այն քաղաքական գործիչն էր, որի ամեն մի քայլն էր հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում` հավատացնում է Խաչատուր Քոքոբելյանը. «Չէին կարող նրան տեսախցիկներից զատ, հետեւողները չտեսնել ինչ է կատարվել ու ավելի ցցուն փաստ, որ դա քաղաքական ենթատեքստ ունի` չէր կարող լինել»։ Հանցագործությունից անմիջապես հետո սպանության բազմաթիվ վարկածներ առաջ քաշվեցին։ Վլադիմիր Պուտինը դեպքը քաղաքականացրեց` ասելով, թե սպանությունը սադրանք է՝ երկրի վիճակը ապակայունացնելու նպատակով։ «Առնվազն ծիծաղելի է, որ Լավրովը երեկ դատապարտեց այդ գործը քաղաքականացնողներին»,-նշում է Դավիթ Շահնազարյանը։ Վարկածներ կան, որ Բորիս Նեմցովին սպանել են Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտության կամ ֆրանսիական Շառլի Էբդոյի խմբագրության ահաբեկչության հետ կապված նրա հայտարարությունների պատճառով։ Առաջ քաշվեցին նաեւ կենցաղային դրդապատճառներ, անգամ խանդի պատճառով սպանությունը, սակայն վերջին վարկածը Բորիս Նեմցովի ընկերուհին արդեն հերքել է։ «Մնում էր, որ ասեին՝ Նեմցովը կազմակերպեց իր սպանությունը, որ Պուտինին վնասի... ամեն տեսակ գժություն ես աշխարհում կա։ Ինձ համար մի բան է ակնհայտ, որ գաղտնի գործակալների իշխանության գալը եւ ընդհանրապես բռնապետության հաստատումը վտանգավոր է նրանով, որ ստեղծվում է մթնոլորտ, որտեղ նպատակն արդարացնում է միջոցները»,- նկատում է Պարույր Հայրիկյանը։ Հայ քաղական գործիչների գնահատմամբ՝ Բորիս Նեմցովի սպանությունը հարված էր Ռուսաստանի ժողովրդավարությանը։ Բորիս Նեմցովի սպանությունից ընդամենը 4 օր անց արդեն կասկածներ են հնչում, թե կիրականացվի օբյեկտիվ քննություն՝ սպանությունը բացահայտելու նպատակով։ Նման կասկածների առիթ տալիս են նախկինում չբացահայտված նմանատիպ սպանությունները։