Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե քար ենք նետում դեպի անցյալ, ապագան թնդանոթով է պատասխանում»

Քաղաքականություն
artashes-hayk-babux-araqel

ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանը  այսօր ԱԺ ամբիոնից խոսեց պաշտոնաթող նախագահների կենսաթոշակի եւ այլ արտոնությունների մասին: Նա հայտարարեց, որ մեր նախագահները խիստ պահանջարկված են մեր հասարակական-քաղաքական կյանքում ու հենց սա է այս օրենսդրական փոփոխությունների մեխը. «Սա է պատասխանը միջազգային հանրությանը, որ ՀՀ-ում չկա թշնամանք մեր երկրի ներսում: Անձնական խնդիրներն այս պարագայում հետին պլան են մղվում, երբ հարցը վերաբերում է պետականությանը, ու հիշեք` եթե քար ենք նետում դեպի անցյալ, ապա ապագան թնդանոթով կպատասխանի: Կուզեմ, որ մենք էլ ԱՄՆ-ի նման մեր պաշտոնաթող նախագահներին ցմահ դիմենք պարոն նախագահ եզրույթով»: ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հայտարարեց, որ այս նախագծերը պետականության հասունության ուղերձ են նաեւ, ու այստեղ ոչ թե անձերի խնդիր է, այլ պատմական կերպարների: Նա նաեւ հետարքրքվեց` արդյոք չկան բոնուսներ նաեւ այն քաղաքական գործիչների դեպքում, որոնք իրենց են համարում ընտրված նախագահներ: «Շնորհակալություն, պարոն Ֆարմանյան, կառուցողական ելույթի համար, սակայն չի բացառվում, որ ձեր ելույթից հետո հայտնվեն մարդիկ, որ ասեն` իրենք էլ ընտրվեն»,- կատակեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Իսկ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ՀՀ նախագահներից միայն մեկն է ընտրվել նախագահ, մյուսները` բռնազավթել են նախագահի աթոռը: Նա հայտարարեց, որ ոչ թե մեծ կենսաթոշակ կնշանակեր պաշտոնաթող նախագահներին, այլ նրանց կպատվեր ամսական 41 հազար դրամ եւ մի փոքրիկ խրճիթ տալով` ինչպես այսօր ապրում են աղքատ տատիկ-պապիկները. «Հետ տարեք այս նախագիծը: Միասնությունից եք խոսում, սակայն սա միասնության օրինագիծ չէ: Այս երեք նախագահն էլ պետք է հեռանան, եթե չենք ուզում կործանվենք»: «Այս ամբիոնը նախատեսված չէ, որ այն օգտագործենք նախագահական ճառեր ասելու համար: Իսկ հեռացողը հեռացել է, մնացողը` մնացել, տիկին»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: