Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Քոչարյանը թոշակի՞ է գնում

Քաղաքականություն
assembly1

ԱԺ-ն այսօր իր արտահերթ նիստում սկսեց քննարկել «ՀՀ Նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքների փոփոխությունները: Այս փոփոխություններով պաշտոնաթող նախագահներին ցմահ տրամադրվում է տուն, գրասենյակ եւ ավտոմեքենա: Բացի այդ, պաշտոնաթող նախագահները կստանան հատուկ կենսաթոշակ` գործող նախագահի աշխատավարձի 70 տոկոսի չափով: Նախագծերը ներկայացնում էր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց նրան` ասելով` արդյոք պաշտոնաթող նախագահի տունը կարող է օգտագործվել իր ժառանգների կողմից կամ կարող է գրասենյակը ժառանգել իր սերունդներին: Բացի այդ, պարոն Մինասյանը հումորով հարցրեց. «Իսկ միգուցե սկսեք քննարկել նույն շենքում բոլոր պաշտոնաթող նախագահներին բնակարաններ տալ` իրար հետ սուրճ կխմեն, շախմատ կխաղան, միգուցե ագրեսիան այդպիսով պակասի իրար մեջ»: «Դուք էլ կուզեք հյուր գնալ` շախմատ խաղալու, չէ, պարոն Մինասյան»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Իսկ նախարար Ասատրյանը նշեց, որ պաշտոնաթող նախագահներին տունը տրամադրվում է սեփականության իրավունքով, իսկ ավտոտրանսպորտը եւ գրասենյակը` օգտագործման իրավունքով: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց` եթե երկու պաշտոնաթող նախագահներին տալիս ենք այդ կեսաթոշակը, նրանք դրա կարիքը ունե՞ն. «Նրանք բավականին բարեկեցիկ կյանքով են ապրում, մանավանդ որ մեկ մլն-ից ավելի մարդիկ այսօր ՀՀ-ում աղքատության մեջ են: Եվ հետո, ինչո՞ւ եք որոշել այսօր այս հարցը արտահերթ նիստով քննարկման բերել: Միգուցե հիմքում ընկած է այն, որ ուզում եք այս մարդկանց ուղարկել թոշակի՞, հենց Ռոբերտ Քոչարյանին, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ասել է, որ ինքը վաղուց թոշակի տարիքում է: Բացի այդ, ինձ հետաքրքրում է`որքա՞ն է կազմելու նրանց կենսաթոշակը 10 տարվա կտրվածքով»: Արտեմ Ասատրյանը հայտարարեց, որ այս նախագծով նոր չէ, որ առաջարկվում է ներմուծել կենսաթոշակի ինստիտուտը. «Սա 1996թ. ընդունված օրենքով է կարգավորվում: Սա սոցիալական աջակցության ծրագիր չէ, այլ նախագահի ինստիտուտի համար է նախատեսված ու սա ընդունված է ամբողջ քաղաքակիրթ աշխարհում»: Տիկին Փոստանջյանը շարունակեց հետաքրքրվել. «Արդյոք դիմումներ չեն եղել պաշտոնաթող նախագահների կողմից, որ պետք չէ այդ կենսաթոշակն իրենց կամ այդ գումարը օգտագործելու են բարեգործական նպատակներով»: «Կարծում եմ` այսպես թե այնպես, այդ գումարը նրանք օգտագործում են բարեգործական նպատակներով, եւ դա իրենց իրավունքն է»,- պատասխանեց նախարարը: ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հարցը եւս վերաբերում էր կենսաթոշակը բարեգործական նպատակներով օգտագործելուն. «Արդյոք չպետք է օրենքով արձանագրվի, եթե նրանք հրաժարվում են կենսաթոշակից, ինչպես պետք է այդ գումարները օգտագործվեն: Բացի այդ, ինչո՞վ է պայմանավորված հապճեպությունը, որ որոշել եք արտահերթության կարգով քննել հարցը»: Նախարար Ասատրյանը նշեց, որ այնքան էլ նպատակահարմար չէ օրենքով ամրագրել կենսաթոշակի օգտագործման նպատակ. «Իսկ հրատապությունը պայմանավորված է նրանով, որ հատկացված գրասենյակը նախկին օրենքով նախատեսված է մինչեւ 70 տարի լրանալը, հիմա մենք խնդիր ունենք ՀՀ առաջին նախագահի պարագայում, որը արդեն 70 տարեկան է: Հարցը պետք է կարգավորել»: