Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հում, չեփված, չձեւավորված» նախագիծն ընդունվեց ԱԺ արտահերթ նիստում (տեսանյութ)

Քաղաքականություն
d16355ee1ea37bfa9f62e8b7f33efb7b

68 կողմ,  11 դեմ, 23 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն այսօր իր արտահերթ նիստում ընդունեց «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Մինչ այդ պատգամավորները վերստին հաստատեցին իրենց մոտեցումը նախագծի վերաբերյալ: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու այս նախագծին, քանի որ այն հարված է հասցնելու տնտեսությանը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք խիստ հարգելի պատճառներով չեն կարողացել մասնակցել նախագծի քննարկումներին, ուստի ձեռնպահ կքվեարկեն: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նկատեց. «Հիմա մենք չենք հասկանում, ի վերջո, օրենքի ո՞ր տարբերակն է քվեարկվում: Արդյոք դա առաջի՞ն ընթերցում չէ կամ քվեարկման ենթակա՞ է: Հում, չեփված, չձեւավորված նախագիծ է սա, ու ես կոչ եմ անում չմասնակցել քվեարկությանը»: «Մասնակցեիք քննարկմանը, իմանայիք»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ ինքը եւս չի իմացել քննարկման մասին. «Ինձ ընդամենը հինգ րոպե առաջ զանգում ասում են, որ քննարկում կա, ու մենք չենք հասցնում գալ, մասնակցել: Ես ինքս լուծում եմ տվել, ուզում եմ հասկանալ՝ դա ինչ եղավ, ներառվե՞ց»: ՀՀԿ պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Վարդան Այվազյանն արձագանքեց՝ ասելով. «Կներեք, սրանից հետո հանձնաժողովի նիստերը ըստ ձեր գրաֆիկների կնշանակեմ: ՀՀԿ-ն մնում է իր կարծիքին, որ այս նախագիծը այն զարկ է տալու մեր արտահանմանը»: ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն ընդգծեց, որ այս օրենքը օրենք է արտահանման մոնոպոլիայի մասին ու որեւէ աղերս չունի արտահանման խթանման հետ. «Կոչ եմ անում՝ դեմ քվեարկել»: ԱԺ-ն սկսեց քննարկել «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները: