Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քրեակատարողական հիմնարկի 9 աշխատակիցներ ենթարկվել են պատասխանատվության

Հասարակություն
hqk

Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է «Գորիս» ՔԿՀ-ի դատապարտյալի կողմից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացած կնոջից խաբեությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քննության արդյունքներով մեղադրյալի մասով գործն ուղարկվել է դատարան, իսկ ՔԿՀ ուղարկվել է միջնորդություն՝ հանցագործության կատարմանը նպաստած պայմանները վերացնելու վերաբերյալ։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Ս.Գրիգորյանը սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է Երևան քաղաքի մի բնակչուհու հետ՝ ներկայանալով որպես Վրաստանի Հանրապետության տուրիստական գործակալության աշխատակից։ Ձեռք բերելով կնոջ վստահությունը՝ դատապարտյալը 2014 թվականի մարտ-սեպտեմբեր ամիսներին տարբեր պատճառաբանություններով տարբեր անձանց միջոցով նրանից վերցրել է ընդհանուր առմամբ 420 հազար դրամ՝ հետագայում վերադարձնելու պայմանով, սակայն՝ հափշտակել։ Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ս.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու համար։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ հանցագործության կատարմանը նպաստել է «Գորիս » ՔԿՀ-ի համապատասխան աշխատակիցների կողմից իրենց պարտականությունների ոչ պատշաճ կատարումը, որի արդյունքում գործով մեղադրյալն ազատ օգտվել է բջջային հեռախոսից ու իրականացրել իր հանցավոր նպատակները: Քննության արդյունքներով՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետը միջնորդագիր է ներկայացրել «Գորիս» ՔԿՀ-ի պետին՝ նշված քրեակատարողական հիմնարկում հանցանքների կատարմանը նպաստող պայմանները վերացնելու ուղղությամբ գործնական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։ 2015 թվականի փետրվարի 24-ին ստացվել է գրավոր պատասխան, որ միջնորդագիրը քննարկվել է ՔԿՀ-ի համապատասխան աշխատակիցների հետ՝ հետագայում նմանատիպ խախտումները բացառելու նպատակով։ Միաժամանակ նշվել է, որ դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից բջջային հեռախոսներ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու համար ՔԿՀ աշխատակիցների կողմից իրենց պարտականությունների ոչ պատշաճ կատարման համար 9 ծառայող 2014թ. ընթացքում ենթարկվել է քրեական պատասխանատվության։ ՀՔԿ