Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ պատգամավոր. «Այդ խոշորը ոչ հորս կողմից է բարեկամ, ոչ մորս» (տեսանյութ)

Տնտեսություն
vardan-ayvazyan

«Շրջանառության հարկի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունները փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին կրկին չեն բավարարում։ Ըստ նախագծի՝ շրջանառության շեմը 58.35 միլիոն դրամի փոխարեն սահմանվում է 113.4 մլն։ Նրանք, ովքեր չեն ներկայացնի փաստաթղթաշրջանառություն, կվճարեն 5 տոկոս շրջանառության հարկ՝ նախկին 3,5 տոկոսի փոխարեն, իսկ փաստաթղթաշրջանառության դեպքում՝ 1 տոկոս: «5 ամիս է՝ մենք աշխատում ենք մեկ տոկոսով եւ առանց փաստաթուղթ, բայց հինգ ամսվա մեջ բիզնեսը սկսեց ոչ թե բարգավաճել, այլ ընդհանրապես վերանում է, ինչի համար, որովհետեւ առեւտուր չկա։ Մեր առաջարկը սա է՝ թող երեք ու կեսից սկսի նվազեցումը եւ անցումային շրջան լինի, որովհետեւ մենք ուրիշ ճար չունենք, փակվում են բիզնեսները»,- նշում է Անդրանիկ Հունանյանը։ Նոր Նորքի շուկայի հարակից խանութների եւ տոնավաճառների աշխատակիցները բողոքում են, որ շաբաթներով առեւտուր չեն անում։ «Փետրվար ամսին, եթե սուտ չասեմ 40000 դրամի առեւտուր է եղել։ Տեղի գումարը չենք կարողացել մուծել»,- նշում է Վարդգես Սուլթանյանը։ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը շտապում է հանգստացնել՝ իդեալական լուծումներ չեն լինում։ Սակայն օրենքի կիրառումը մեկ նպատակ է հետապնդում՝ հայտնաբերել խոշորին «Սիրելիս, ո՞վ քեզ փաստաթուղթ չի տալիս, հայտնիր, ասում է՝ հո ես գործ տվող չեմ, ասում ենք՝ 5 տոկոս տուր, ասում է՝ շատ է, ասում ենք փաստաթուղթ ցույց տուր, ասում է չունեմ։ Ես քրեական օրենսգրքին կողմ սեղմած տղա եմ, եթե ասեն, ես կասեմ, որտեղից չեմ ստացել»,- նշում է Վարդան Այվազյանը։ Հանրապետական պատգամավորը միաժամանակ վստահեցնում է, որ խոշորները մեծ գումարներ են մուտքագրում բյուջե։ «Այնպես չէ,որ ես խոշորի մեջ եմ, կամ խոշորը հորս հորեղբոր տղան է, էդքան լավ գիտեք՝ ասեք որտե՞ղ է։ Այդ խոշորը ոչ հորս կողմից է բարեկամ, ոչ մորս»։ Հանրապետական պատգամավորը վստահ է՝ որքան խոշորը չի տալիս փաստաթուղթ, նույն չափով էլ փոքրը չի վերցնում։