Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատության հրապարակը Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկով քվեարկեց

Քաղաքականություն
ltp

Ազատության հրապարակում ելույթ ունեցավ ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա նշեց, որ մոռանալ նշանակում է ներել, իսկ ոճրագործությունը ներել, նշանակում է նոր ոճրագործություն ծնել. «Հիշեք՝ իշխանությունները գիշերները չեն քնում, երբ մենք չենք մոռանում: Ես հիմա գործնական առաջարկ ունեմ, այն է՝ հանրահավաքի մասնակիցների անունից  մարտի մեկը հռչակել հիշատակի ու պետական ահաբեկչության դեմ համազգային բողոքի օր, ինչպես նաեւ՝ կոչ եմ անում ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որ պետական տոների ու հիշատակների օրերի  ցանկում ներառել այս օրը նման ձեւակերպմամբ:  Ի դեպ, հիշատակի օրերն ու տոները ոչ թե եկեղեցին կամ պետությունն է որոշում, այլ ժողովուրդը»: Ապա նա իր առաջարկը դրեց քվեարկության: Հավաքվածները ձեռք բարձրացնելով քվեարկում էին: «Հաշվել հնարավոր չէ: Դեմ, ձեռնպահ չկա: Արձանագրում ենք ուրեմն՝ որոշումն ընդունված է: Իհարկե, կասկած չկա, որ վերեւից եկած հրամանով ՀՀԿ-ն նորից այս նախաձեռնությունը կտապալի, սակայն դա ոչ մի նշանակություն չունի, քանի որ հանձինս ձեզ՝ հայ ժոզովուրդը այն արդեն հռչակել է»: Նա ընդգծեց, որ հազար տարի էլ անցնի, զոհվածների ծնողներն էլ ստանան փոխհատուցում ու բոլոր հանցագործներն էլ պատժվեն, միեւնույն է՝ բոլորս պետք է ամեն տարի այս օրը հավաքվենք այստեղ՝ մեր ցասումն արտահայտելու բռնությունների դեմ: