Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձը Վլադիմիր Գասպարյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
raffi8

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակից իր ուղերձը հղեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Վերջինիս հետ օրեր առաջ նա հեռախոսազրույց է ունեցել. «Այս խոսքերս ես ուղղում եմ իմ ընկեր, իմ ծանոթ, իմ աչքերի մեջ նայած ոստիկանապետին` պետք է ամաչել հայ ժողովրդից, պատրաստվեցեք այդ ամաչմանը»: Երկուշաբթի օրը` Բրյուսելում `Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական վեհաժողովում,  Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացնելու է Ցեղասպանության 100 ամյակին նվիրված բանաձև, որին միացել են նաև ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը: Այս կապակցությամբ պարոն Հովհաննիսյանը նշում է. «Այսինքն, որ մի անգամ երկու պետությամբ, երկու եկեղեցիով, երկու բանաձևով չենք ներկայանում, այլ միասնական մեկ բանաձևով, և շնորհակալ եմ դրա համար»: Ներքաղաքական իրավիճակը «Ժառանգության» առաջնորդը համարում է պայթյունավտանգ: Նա դեռ վստահեցնում է` առաջիկայում փոփոխությունների ականատեսն ենք լինելու` միասնական հարթակ ձեւավորելով: Այս ընթացքում «ժառանգության»  ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել քաղաքական տարբեր ուժերի, այդ թվում՝ ԱԻՄ-ի, ՀՀՇ-ի և Հիմնադիր նախախորհրդարանի  հետ՝ քաղաքական իրավիճակը քննարկելու համար: Սակայն այս ուժերի միջև միասնական ձևավորված օրակարգ դեռևս չկա. «Որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա, նախնական խորհրդատվություններ են, բայց ինձ թվում է, որ շատ ու շատ մարդիկ զգում են այս պահի լրջությունը և ճակատագրականությունը և այդ պատճառով էլ այս հանդիպումները կշարունակվեն»,-նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ դեռ չգիտի ինչ ձևաչափով են շարունակելու համագործակցությունը ԲՀԿ-ի հետ` փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ հայտարարելուց հետո: Սակայն անկախ այս հանգամանքից, նա վստահ է.  իշխանափոխությունը «Ժառանգության» համար շարունակում է մնալ օրակարգային: «Միանշանակ է, որ մեր ժողովուրդը պահանջում է փոփոխություններ, նոր քաղաքական ձևակերպված օրակարգի ընդունում և իրագործում, որը պետք է տեղի ունենա հավաքական ուժի ներքո: Նոր քաղաքական օրակարգ է պետք, որը պետք է բացառապես տարբերվի այն հին օրակարգից, որը գործել է այս 25 տարիների ընթացքում»,-շեշտում է Զարուհի Փոստանջյանը: «Ժառանգություն»-ը չի մասնակցելու մարտի 1-ին տեղի ունենալիք հանրահավաքին: Սահմանամերձ Չինարի են մեկնում: Ի դեպ, «ժառանգությունը» կրկին հանրահավաք կանի մարտի 6-ին: