Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խուլիգանությունն ավարտվել է սպանության փորձով

Հասարակություն
a2c854633253ec6e19c9a211d299b519

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել խուլիգանություն կատարելու, ապօրինի կերպով հրազեն կրելու և երկու անձանց սպանության փորձի դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով հարուցված քրեական գործը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2015թ. փետրվարի 6-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում հատուկ ծառայություն իրականացնող անձ Արմեն Վ.-ն իր կնոջ աշխատանքային հարցերի շուրջ ծագած տարաձայնությունների պատճառով ընկերների հետ միասին վիճաբանել է քաղաքացիներ Ռուդոլֆ Ս.-ի, Արմեն Է.-ի և դեպքի վայր ժամանած այլ քաղաքացիների հետ: Վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի, որի մասնակիցները ոտքերով և ձեռքերով, քարերով ու դանակով հարվածներ են հասցրել միմյանց, բարձրաձայն հնչեցրել են հայհոյանքներ` բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ: Վիճաբանության մասնակից Բագրատ Թ.-ն ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, գիտակցելով իր գործողություններով տվյալ վայրի անցորդների կյանքը և առողջությունը իրական վտանգի տակ դնելու հանգամանքը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, իր կողմից ապօրինի ձեռք բերված և կրվող հրազենից կրակել է Արմեն Է.-ի և Ռուդոլֆ Ս.-ի ուղղությամբ, ովքեր հրազենային վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ հաջողվել է փրկել նրանց կյանքը, այսինքն՝ հանցագործությունն ավարտին չի հասցվել Բագրատ Թ.-ի կամքից անկախ հանգամանքներով: Բագրատ Թ.-ն դեպքի վայրից դիմել է փախուստի: Վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, և հայտարարվել է հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն