Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մանկաբարձ-գինեկոլոգին

Հասարակություն
hqk

ՀՀ քաղաքացի Նարինե Շարոյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Արմավիր» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգին՝ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, ինչն առաջացրել է բուժվող հիվանդի մահը։ Նախաքննությամբ պարզվել է, որ «Արմավիր» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Հ.Հակոբյանը 2014 թվականի հունիսի 28-ին հերթապահություն է իրականացրել կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում։ Ժամը 11։50-ին բուժօգնության է դիմել 19-20 շաբաթական հղի Ն.Շարոյանը, ում բժշկական օգնություն ցուցաբերելիս մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորվել է անբարեխիղճ վերաբերմունք։ Մասնավորապես՝ հղի կնոջը մանկաբարձական բաժանմունք ընդունելու և այնտեղ բոլոր հետազոտությունները կազմակերպելու փոխարեն մանկաբարձ-գինեկոլոգը նրան ուղարկել է ինֆեկցիոն բաժանմունք, որտեղ հնարավոր չի եղել ժամանակին ախտորոշել հղիության հետ կապված բարդությունները և ըստ այդմ՝ ժամանակին կատարել անհրաժեշտ բուժական միջոցառումները։ Դա պատճառ է դարձել հղիի օբյեկտիվ վիճակի ոչ ճիշտ գնահատմանը, ուշ ախտորոշմանը, ինչի հետևանքով միայն ժամեր անց՝ 15։50-ին է գինեկոլոգի կողմից կատարվել ճիշտ ախտորոշում և չնայած այդ պահից ձեռնարկված համարժեք բուժական միջոցառումներին՝ կնոջ կյանքը փրկել չի հաջողվել։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Հ.Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: