Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

30 միլիոնը գրպանել են. Գ. Եղիազարյանը նորից հիշեցրեց օֆշորի գործը (տեսանյութ)

Քաղաքականություն
21b29d0056b0b8470b155c089c1621b2

«Ունենք ինստիտուտ, որն անգործության է մատնված։ Ես նկատի ունեմ Անվտանգության խորհուրդ կոչվածը»,- այսօր նշել է քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը։ Ասում է՝ 9 ամիս է՝ խորհուրդը ղեկավար չունի այն դեպքում, երբ գտնվում ենք խայտառակ վիճակում. շաբաթ չկա, որ սահմանին զոհ չլինի, հսկայական արտագաղթ է։ Այս իրավիճակում, նրա կարծիքով, այդ կառույցն ընդհանրապես հարկավոր չէ, կույրաղիքի նման մի բան է։ «Բայց հենց առիթն ընձեռվեց, անմիջապես հիշեցին, որ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում այդ խորհրդի նիստերին։ Հետո նախագահի հայտնի ելույթից պարզեցինք, որ նա ոչ միայն նիստերին չի մասնակցում, այլև 144, թե 145 նիստերից է բացակայել, ինչի համար պետք է հրաժեշտ տա պատգամավորի իրավունքներին»,-շեշտել է պարոն Եղիազարյանը։ Նրան հետաքրքրում է՝ երբ Գագիկ Ծառուկյանը բացակայում էր 100-րդ անգամ, նախագահը չէ՞ր իմանում այդ մասին։ Վստահ է՝ երկրի ղեկավարն անդրադարձավ այդ խնդրին այն ժամանակ, երբ պարզվեց, որ Ծառուկյանը ժողովրդի կողքին է կանգնած։ Պարոն Եղիազարյանի համոզմամբ՝ երկրում ծիծաղաշարժ գործընթացներ են ծավալվում, որոնցից մեկը կոռուպցիայի վերաբերյալ պետական ծրագիրն է։ «Ժամանակին նախաքննական մարմինը պետք է պարզեր Տիգրան Սարգսյանի ստորագրությունը կա՞ որոշ փաստաթղթերում, երբ իրեն մեղադրանքներ էին ներկայացվում։ Այդ ժամանակ նախագահը վերցնում է այդ մարդուն և նշանակում դեսպան։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը միանգամից երկու խնդիր լուծեց. նրան ուղարկեց դեսպան՝ որոշակի ստատուս տալով, դրա հետ մեկտեղ էլ նախաքննական մարմնին զգուշացրեց. սրա հետ գործ չունեք։ Փաստորեն, անմիջապես միջնորդեց նախաքննությանը»,-շեշտել է նա։ Պարոն Եղիազարյանը հիշեցրել է նաև այդ օֆշորային սկանդալի զոհ, գործարար Փայլակ Հայրապետյանի մասին։ «Նա թող դիմումներ գրի, թող բողոքի, արդեն 30 միլիոնը բարեհաջող գրպանել են սրանք։ Եվ այս հիմքերով խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Տասնյակ օրինակներ կարող եմ բերել, որ միլիոնավոր դոլարներ լափել են»,-ընդգծել է պարոն Եղիազարյանը։ Նա նաև անդրադարձել է վերջին օրերին արծարծվող հարցին, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը տնտեսական գործիչ է ու պետք է լքի քաղաքականությունը։ «Այդ դեպքում, պարոնայք ՀՀԿ-ականներ, ձեր կուսակցության 90 տոկոսը պետք է լքի ԱԺ դահլիճը»,-նշել է պարոն Եղիազարյանը։ Վստահ է՝ այնտեղ 90 տոկոսը զբաղվում է ոչ միայն քաղաքականությամբ, այլև հզորագույն տնտեսական միավորներ ունեն։ «Ուրեմն ով ձեր հետ չի, ամբողջ պետական մեքենան ուղղորդեք այդ մարդու վրա, ով ձեր հետա, առոք-փառոք թող էնտեղ նստի ու ճանճեր հաշվի՝ ոչ մի գործ չանելով հանդերձ»,-ասել է գործիչը։ Այն, որ որպես ԲՀԿ հնարավոր ղեկավար նշվում է Նաիրա Զոհրաբյանի անունը, պարոն Եղիազարյանը բացասական չի համարում, ասում է՝ տիկին Զոհրաբյանն ակտիվ պատգամավոր է, բայց և նշում է. «Ճիշտ կլիներ, որ Ծառուկյանը մնար կուսակցության ղեկին, բայց ինչևիցե, սրանք արդեն որոշել են և դրա համար լայնածավալ ստուգումների մի բան են սարքել, որ հանկարծ մի բան իրենց սցենարով չլինի, Ծառուկյանն անմիջապես մեղադրվի մի 20, 30 կետի մեջ, որ խախտել է օրենքը»,-շեշտել է նա։ «Ինչպե՞ս կարելի ա էս պայմաններում 40 տոկոս աղքատություն ունենալ, բա դուք չե՞ք ամաչում։ Ո՞նցա ձեր քունը տանում, ո՞նց եք գիշերը քնում, երբ 82.000 մարդ աղբարկղերի մեջ քուջուջա անում, որ ապրի»,-իր խոսքերն իշխանությանն է ուղղել պարոն Եղիազարյանը։