Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գրագողը մեր համար լավ տղայա». մրցանակներ՝ լավագույն գրագողերին (տեսանյութ)

Հասարակություն
sinerik

Ամեն տարի գիտության պետական կոմիտեն ընտրում է 100 լավագույն գիտնականների՝ ըստ վարկանիշի, և նրանց խրախուսում է ամսական 100-200 հազարական դրամներով։ Սա հարուցել է մի շարք գիտնականների զայրույթը, քանի որ նրանց համոզմամբ՝ այդ 100 ընտրվածներից շատերը գրագողեր են, ուրիշի մտքերը յուրացնող մարդիկ, ովքեր ստացվում է, որ գրագողության համար պետության կողմից պարգևատրվում են, սակայն իրականում արժանի չեն այդ մրցանակներին։ «Խոսքը քրեական հանցագործության մասին է, որը պատժվում է քրեական օրենսգրքի 158 հոդվածի 1-ին կետով: Գրագողությունը նույնպես քրեական հանցագործություն է, և այդ մարդիկ պետք է պատժվեն՝ ըստ օրենքի, այլ ոչ թե խրախուսվեն»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց հոգեբանական գիտությունների դոկտոր- պրոֆեսոր Սամվել Խուդոյանը՝ անդրադառնալով վերոնշյալ թեմային: Վերջինս այդ ընտրված գիտնականների ցանկից նշեց կոնկրետ երկու հոգու անուն՝ Հրանտ Ավանեսյան և Ռուբեն Աղուզումցյան, ովքեր իր բնագավառից են։ «Դրանք գիտության հետ ընդհանրապես կապ չունեցող անձնավորություններ են: Հետո ինչ, որ ծանոթի կամ բարեկամի միջոցով ամբիոնի վարիչ կամ այլ պաշտոններ են ստացել»,-նշում է Սամվել Խուդոյանը՝ հավելելով նաև, որ գիտնականները նամակով դիմել են Սերժ Սարգսյանին, որպեսզի վերջինս ուշադրություն դարձնի այս խնդրին։ Սամվել Խուդոյանի տեղեկացմամբ՝ նամակով դիմել են նաև Գիտության կոմիտեին, սակայն այնտեղից ստացել են այպիսի պատասխան. «Մենք տեղյակ չենք ախպեր ջան։ Գրագողը մեր համար լավ տղայա, ու դրանով զբաղվում է Բարձրագույն որակավորման հանձնաժողովը»։